Արմինֆո. Վրաստանի ղեկավարության հետ բանակցություններն ընթանում են պրագմատիկ և ջերմ մթնոլորտում, «Բանաձև» հաղորդաշարին հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Այն հարցին, թե, կա արդեն պայմանավորվածություն որոշակի համաձայնեցված հարցերի շուրջ, ԱԳ նախարարը նշել է. «Ամենակարևոր համաձայնություններն այն են, որ բավական պրագմատիկ ձևով երկու վարչապետերը համակարծիք էին, որ մենք ունենք համապատասխան կառույցներ, որոնց շրջանակներում մենք քննարկում ենք մեր ողջ երկկողմ օրակարգը, և այդ շրջանակների մեջ նպատակ ունենք գնահատելու այն ծրագրերը, որոնք արդեն ընթանում են, գնահատելու դրանց ընթացքը, գնահատելու տարբեր խնդիրներ, որոնք կապված են դրանց հետ, գնահատելու այն նոր աշխատանքները, այն նոր ծրագրերը, որոնք մենք կարող ենք ի հայտ բերել և մեր օրակարգում ընդգրկել: Եվ նաև ավելի երկարաժամկետ ռազմավարական ուղեցույց ունենալ մեր երկկողմ հարաբերություններում»:
Անդրադառնալով աբխազական երկաթգծի բացման հնարավորությանը՝ Մնացականյան ասել է. «Մենք հիմա տեղեկանում ենք՝ ինչպես է այդ գործընթացը գնում, այն դեռևս ընթացքի մեջ է»:
Անդրադառնալով Հայաստանի վարչապետի Ջավախք նախատեսվող այցին և ջավախահայության խնդիրների լուծման հնարավորություններին՝ Մնացականյանը նշել է, որ այդ հարցն ընդհանուր մեր մեծ օրակարգի հարցերից մեկն է: «Շատ հատկանշական և խորհրդանշական է, որ երկու վարչապետերը, երկու կառավարություններն ունեն բավական տրամադրվածություն և միասին նպատակաուղղված աշխատանք տանելու մտադրություն: Այդ այցելությունը Ջավախք նաև ցույց է տալիս երկու կառավարությունների ղեկավարների մտադրությունները»,- ասել է նախարարը: