Արմինֆո. Սկսվել է պետությունների միջազգային ճանաչման երրորդ փուլը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչմանը:
Նրա խոսքով, պետությունների ճանաչման գործընթացը պետք է դիտարկել երկու հարթությունում՝ աշխարհաքաղաքական և իրավական: Ըստ որում, նա նշել է, որ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում, թե ինչն է իր համար ավելի կարևոր՝ հարցի իրավական կողմը, թե՞ աշխարհաքաղաքականությունը:
Բաբայանի խոսքով, եթե ուսումնասիրենք պատմությունը, ժամանակակից փուլում՝ 20-րդ դարասկզբից սկսած, դիտվում էր այս կամ այն պետական կազմավորման ճանաչման սահմանափակման միջազգային քաղաքականություն: Սակայն, նրա խոսքով, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո սկսվեց պետությունների ճանաչման առաջին փուլը, մասնավորապես՝ գերտերությունների նախկին գաղութների, և դա մատուցվում էր՝ որպես կարևոր բարոյական քայլ, բայց իրականում ընդամենն աշխարհաքաղաքականություն էր: Երկրորդ փուլն սկսվեց, երբ բարձրացավ նախկին խորհրդային հանրապետությունների, ինչպես նաև Հարավսլավիայի ճանաչման հարցը: «Եվ մենք դեռ այն ժամանակ ասում էինք, որ անպայման կսկսվի պետությունների միջազգային ճանաչման երրորդ փուլը, թեև շատ հայ փորձագետներ և քաղաքական գործիչներ թերահավատորեն էին վերաբերում դրան: Բայց, ինչպես արդեն տեսնում ենք, գործընթացը սկսված է: Առաջին նշանն Էրիտրեայի անկախության ճանաչումն է, ոչ պակաս կարևոր օրինակ՝ արևմտյան երկրների կողմից Կոսովայի ճանաչումը, և այդ գործողության՝ Մեծ Բրիտանիայի կողմից պատրաստված իրավական հիմնավորումը: Նոր փուլը սկսված է, քանի որ չի կարելի սահմանափակել պետությունների ինքնորշման իրավունքը: Եվս մեկ վառ օրինակ էր Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչման գործընթացը»,- ասել է ԼՂՀ նախագահի ներկայացուցիչը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ գործընթացը կարող է Արցախի միջազգային ճանաչման նախադեպ դառնալ՝ Բաբայանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացը բազմաստիճան գործընթաց է: «Եվ այդ գործընթացն արդեն սկսված է: Արցախն արդեն ճանաչվել է մեծ թվով կազմավորումների, տարածքային միավորների կողմից, և ես վստահ եմ, որ վաղ թե ուշ կսկսվի նաև պետական մակարդակով հանրապետության ճանաչման գործընթաց»,- ասել է նա:
Նշենք, որ մայիսի 29-ին Աբխազիայի և Հարավային Օսիայի արտգործնախարարությունները հայտնել էին, որ Սիրիան ճանաչել է երկու հանրապետությունների անկախությունը: Դրանից հետո Վրաստանն սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման ընթացակարգ: Մինչդեռ, ԱՄՆ պետդեպարտամենտում Դամասկոսի այդ քայլը խելամիտ չեն համարել: Սիրիայի այդ գործողությունների քննադատությամբ են հանդես եկել նաև մի շարք արևմտյան երկրներ: