Արմինֆո.Ղարաբաղյան հարցի կարգավորման միակ ճանապարհը խաղաղ լուծումն է, ուժային լուծում չի կարող լինել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` DW-ի հետ հարցազրույցում:
«Կարծում եմ, որ սա ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն է՚, - հայտարարել է նա` ամփոփելով Սոչի այցի արդյունքը: Փաշինյանը հաղորդել է, որ Ռուսաստան այցի շրջանակում քննարկվել է նաև Ռուսաստանից Ադրբեջան զենքի մատակարարումների հարցը: «Այդ առնչությամբ եղել է կառուցողական քննարկում, սակայն չեմ կարող ասել, թե Պուտինն այդ մասին ինչ է ասել՚, - նշել է Փաշինյանը, հավելելով, որ կարող է խոսել երեք գերակայության մասին: Վարչապետի ասելով, առաջին գերակայությունը Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացումն է: « Նախատեսում ենք հզորացնել նաև Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը, քանի որ այդ բնագավառը կարող է դառնալ երկրի ողջ տնտեսության լոկոմոտիվը: Երկրորդ փուլը զբոսաշրջության զարգացումն է: Եվ երրորդը` գյուղատնտեսության զարգացումը՚, - հայտարարել է նա: Խոսելով ներքին բարեփոխումների մասին` Փաշինյանն ընդգծել է, որ նոր կառավարությունը մտադիր է երաշխավորել ժողովրդի իշխանությունը, ոչ թե անձանց ինչ-որ խմբինը, և ոչ ոք դրան չպետք է խոչընդոտի: «Եթե կարողանանք ստեղծել այդպիսի իրականություն, հարցն ինքնին կլուծվի: Բացի այդ, մեր հեղափոխության ընթացքում օլիգարխները չկարողացան ազդել երկրում առկա քաղաքական իրավիճակի վրա, քանի որ ժողովուրդն իշխանությունն իր ձեռքը վերցրեց և մտադիր չէ բաց թողնել՚, - հավաստիացրել է վարչապետը:
Անդրադառնալով առաջիկա վաղաժամկետ ընտրություններին` Փաշինյանը նշել է, որ նոր իշխանության համար շատ կարևոր է կազմակերպել այնպիսի ընտրություններ, որ, «անկախ արդյունքից, քաղաքացիների շրջանում հաղթանակի զգացում լինի՚: «Ժողովուրդը պետք է որոշի, թե ով է լինելու իշխանություն: Մենք համոզված ենք, որ մեր խնդիրներն սկսվել են այն պահից, երբ Հայաստանում սկսեցին կեղծել ընտրությունների արդյունքները՚, -ամփոփել է Նիկոլ Փաշինյանը: