Արմինֆո. Թբիլիսիում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վրաստանի գործընկեր Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցն ու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Հայաստանի վարչապետը կհանդիպի Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և կայցելի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոն: Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ներկա կգտնի Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ հոբելյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը և կազմակերպված ընդունելությանը: Նախատեսվում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Ջավախք, Նինոծմինդա ու Ախալքալաք և հանդիպումներն այնտեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: