Արմինֆո.Ֆրանսիայի ԱԳ նախարար Լը Դրիանն առաջին արտգործնախարարն է, ով Հայաստան է այցելում ներքաղաքական զարգացումներից և նոր կառավարության ձևավորումից հետո։ Մայիսի 28-ին Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ Երևանում կայացած համատեղ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ըստ նրա, պարոն Լը Դրիանի այցելությունը նաև խորհուրդ ունի իր մեջ, քանի որ այն տեղի է ունենում, երբ համայն հայությունը նշում է Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման հարյուրամյակը։ Նրա խոսքով, նախարար Լը Դրիանի այցի ծրագիրը բավական հագեցած է, քանի որ մինչ ասուլիսը նա արդեն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այնուհետև, մենք միասին այցելել ենք Մուսա Լեռան հուշահամալիր: Մուսալեռի հայերի փրկությունը ևս հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր դրսևորումներից է։ «Այսօր մենք անվարան կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերությունները խարսխված են հայ և ֆրանսիացի ժողովուրդների ավանդական բարեկամության և փոխադարձ աջակցության դրսևորումների վրա։ Անկախությունից ի վեր մենք մշտապես զգացել ենք Ֆրանսիայի աջակցությունն ու բարեկամությունը և հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչի վկայությունն է մշտական քաղաքական երկխոսությունը, պետությունների ղեկավարների մակարդակով պարբերական պետական այցելությունները, տարբեր բնագավառներում խորը համագործակցային կապերը, միջազգային կառույցներում սերտ փոխգործակցությունը և, իհարկե, ֆրանսահայ աշխույժ համայնքի առկայությունը»աասել է Մնացականյանը։
Նա նշել էէ, որ բավականին արդյունավետ քննարկում եղավ երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, միջազգային տարբեր ձևաչափերում փոխգործակցության շուրջ, ինչպես նաև քննարկվել է աշնանը նախագահ Մակրոնի՝ Հայաստան կատարելիք պետական այցը։ Հանգամանալից քննարկում ծավալվեց նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի շուրջ: «Այս համատեքստում գործընկերոջս հետ արձանագրեցինք, որ չնայած առկա արդյունքներին՝ այս բնագավառում մեր համագործակցությունը, ունենալով առավել մեծ ներուժ և զարգացման հեռանկարներ, դեռևս զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին: Մտքեր փոխանակեցինք համատեղ ջանքերով երկկողմ առևտրատնտեսական կապերին նոր շունչ հաղորդելուն ուղղված քայլերի շուրջ: Ֆրանսիական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, և մենք պատրաստ ենք ֆրանսիական նոր ներդրողների համար ամենաբարենպաստ պայմանները ստեղծել»,-հավաստել է ՀՀ արտգործնախարարը, հավելելով, որ այդ հարցին հատկացվում է լուրջ ուշադրություն: Նրա խոսքով, կողմերը շահագրգռված են շատ ավելի շոշափելի արդյունքներ տեսնել հայ-ֆրանսիական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության մեջ:
Նախարարը նշել է, որ այսօր արդեն կողմից ստորագրվել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության համար խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո)՝ Հայաստանում հաստատման և գործունեության մասին համաձայնագիրը:
Միևնույն ժամանակ, հայ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Փարիզում հայկական հիշողության և մշակութային կենտրոնի բացման, ինչպես նաև Երևանում Շառլ Ազնավուրի կենտրոնի հիմքի վրա Ֆրանսիայի մշակութային կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը: