Արմինֆո.Հայաստանի կարևորագույն գերակայություններից մեկն այսօր Արցախի վերադարձն է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` մայիսի 25 -ին «Հայաստան՚ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 27-րդ նիստի հարթակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Անդրադառնալով այն դիտողութանը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահին հղած նամակում համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Ղարաբաղի հարցում նոր միտումներ կդիտվեն, Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ասել է. « Մենք ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս հարցը կկարգավորվի, և այն պետք է արտացոլի մեր շահերը, ձգտումներն ու նպատակները: Բնականաբար, մենք խոսում ենք փոխզիջման մասին, սակայն դրա հիմքում պետք է ընկած լինեն, առաջին հերթին, մեր շահերն ու ձգտումները, մասնավորապես, Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը՚, - նշել է Հայաստանի արտգործնախարարը:
Ընդ որում, նա հավելել է, որ այսօր կարևոր է նաև բանակցությունների դինամիկայի պահպանումը: Մնացականյանը հաղորդել է, որ իրենք մշտական շփման մեջ են համանախագահող երկրների հետ: Նա նաև հավելել է, որ այսօր բանակցություններ են ընթանում ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ Ադրբեջանի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպում կազմակերպելու շուրջ: