Արմինֆո. Հայաստանի արտաքին քաղաքականության գիծը կշարունակվի նույն հունով: Մայիսի 22-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, հավելելով, որ այդ հարցի շուրջ փոխհամաձայնություն կա և հասարակության շրջանում, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ որդեգրված գիծը կշարունակվի: Բալայանը նաև նշել է, թե նոր բան չէ, որ մենք պնդում ենք Արցախի անմիջական մասնակցությունը բանակցություններին:
«Դա տարիներ շարունակ ասել ենք և շարունակում ենք ասել: Պարզապես, այժմ իրողություններ են փոխվել, և դրա մասին թե հանրապետության վարչապետն է ասել, թե այլ ձևաչափերով խոսվել է, ինչը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում»,- հավելել է նա:
Բալայանը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Հայաստանի դիրքրոոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նկատմամբ չի փոխվել: Նրա ասելով, Հայաստանը կարծում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա, ինչպես նաև ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման պայմանով: Նրա հավաստգամբ, այդպիսին է Հայաստանի հստակ դիրքորոշումը, որը բազմիցս հաստատվել է տարբեր մակարդակներով:
Խոսելով հակամարտության կարգավորման գործում Արցախի ներգրավվածության մասին` Բալայանը հիշեցրել է, որ Արցախն, այսպես թե այնպես, ներգրավված է բանակցություններում, կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնցում դա արձանագրված է: «Խնդիրն այն է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մերժել է ուղիղ բանակցությունն Արցախի հետ: Ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնական արդյունքը՝ 1994 թվականի զինադադարի հաստատաումը, եղել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ուղիղ շփումների արդյունքում: Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևը հանդիպումներ են անցկացրել, եղել է ուղիղ նամակագրություն, և կան համապատասխան փաստաթղթեր: Մեր խնդիրն այսօր այն է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունը, որը 2003 թվականից բանակցում է Ադրբեջանի անունից, հստակ գիտակցի, որ ամուր, տևական կարգավորման հասնելու ճամապարհը Արցախի հետ բանակցելն է: Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից: Այո, մենք, որպես Հայաստան, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, շարունակելու ենք բանակցությունները, միևնույն ժամանակ, ասելով, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին պարատադիր պայման է՝ հստակ, հավասարակշիռ և տևական խաղաղության հասնելու համար»,- ընդգծել է Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Անդրադառնալով միջնորդների տարածաշրջան այցին` ԱԳՆ խոսնակը նշել է, որ միջնորդներն իրենց հայտարարությունում ցանկություն են հայտնել հունիսին այցելել տարածաշրջան` հանդիպումներ անցկացնելու Հայաստանի նոր իշխանությունների հետ: «Ժամկետներն առայժմ ճշտվում են, որոշակի ամսաթիվ չկա, քանի որ արտգործնախարարի աշխատանքնային գրաֆիկը բավականին հագեցած է: Սակայն, կարծում եմ, որ հունիսին նման հանդիպում, այնուամենայնիվ, տեղի կունենա: Տվյալ պահի դրությամբ ոչ մի պայմանավորվածություն չկա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման շուրջ՚, - ամփոփել է Տիգրան Բալայանը: