Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դռնփակ հանդիպում է անցկացրել հայ գործարարների հետ: Չնայած առցանց ռեժիմով աշխատելու նոր վարչապետի նախընտրած գործելաոճին` գործարարների հետ հանդիպումը ոչ մի կերպ չի լուսաբանվել, և, անգամ, պաշտոնական հաղորդագրություն չի եղել:
Այդուհանդերձ, ԱրմԻնֆո-ին հաջողվել է տեղեկանալ հանդիպման որոշ մանրամասների մասին: Գործակալության աղբյուրների համաձայն, Փաշինյանը գործարարներին կոչ է արել այսուհետև աշխատել բացառապես իրավական դաշտում և դուրս գալ ստվերից: Ընդ որում, նա խոստացել է չանդրադառնալ գործարարների նախկին «մեղքերին՚: Գործարարներն, ընդհանուր առմամբ, ըմբռնումով են ընդունել նոր վարչապետի կոչերը:
Այդուհանդերձ, նախօրեին լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարել է, որ եթե պետությանը վնաս է հասցվել, իր կառավարության խնդիրը դրա վերականգնումն է: «Մեր քաղաքական դիրքրոոշումն այն է, որ մենք չենք պատրաստվում գիլյոտիններ տեղադրել Երևանում: Եթե պետությանը վնաս է պատճառվել, մեր խնդիրն է այն վերականգնել: ՔՕ ունի բազմաթիվ ընթացակարգեր, և դրանք տրամադրում են բազմաթիվ հնարավորություններ՚, - նշել է վարչապետը:
Փաշինյանի ասելով, յուրաքանչյուր գործի ելքը պայմանավորված է դրա հանգամանքներով: «Կլինի գործ, կլինի քննություն: Գոյություն չունի ընդհանուր մոդել, որով կարելի է ղեկավարվել՚, - հայտարարել է Փաշինյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող է վերսկսվել օֆշորային սկանդալին առնչվող գործը, վարչապետը նշել է, որ ժամանակի ընթացքում հնարավորությունները կօգտագործվեն` ըստ անհրաժեշտության: