Արմինֆո. Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ մայիսի 19-ին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Հունաստանի դեսպանատան, Հայաստանի հունական համայնքի եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ այցելել են Ծիծեռնակաբերդ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ խոնարհումով ու լռությամբ հարգել Փոքր Ասիայի տարածքում 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը կատարել է հոգեհանգստի կարգ անմեղ զոհերի հոգու հանգստության համար:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, դատապարտելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված ոճրագործությունը, նշել է, որ Պոնտոսի հույների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության տրամաբանական շարունակությունն էր:
Նշենք, որ մայիսի 19-ը հանդիսանում է Փոքր Ասիայում թուրքերի կողմից Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրը: 1915 թվականի մարտին Զմյուռնիա (Իզմիր) քաղաքի մոտ և Սևծովյան տարածաշրջանում երիտթուրքերի կողմից իրականացվել է հույների ցեղասպանություն, որոնք զորակոչվել էին թուրքական բանակ: Թուրքիայում ապրող հույն բնակչության Էթնիկ զտումներն ակտիվորեն իրականացվել են թուրք ազգայնականների կողմից Մուստաֆա Քեմալի (Աթաթուրքի) ղեկավարության ներքո 1919-1922 թվականների հունա-թուրքական պատերազմի ընթացքում: 2019 թվականի մայիսի 19-ը հանդիսանում է Սամսունում Քեմալի ներխուժման օրը, երբ սկսվեց Պոնտոսի հույների ցեղասպանության երկրորդ ալիքը: Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի թիվը, ըստ տարբեր գնահատականների, կազմել է մոտ 350 հազարից մինչեւ 1,2 մլն: