Արմինֆո.Մայիսի 18-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ արգենտինացի նշանավոր գրող Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, գրականության, արվեստի և բիզնես ներկայացուցիչներ: Միջոցառման աջակիցն էր Կոնվերս Բանկը:
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, «Ցատկախաղը» փորձարարական վեպ է, որն իր խաղերով, գիտափորձերով ու լեզվով իրական հեղափոխություն կատարեց գրական աշխարհում` ուրվագծելով ժամանակակից վեպի նոր սահմանները: Այն հայերեն է թարգմանվել Արգենտինայի Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության “Programa Sur” ծրագրի շրջանակներում՝ արգենտինական գրականության հանրայնացման նպատակով:
«Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թագմանությունը հայ ընթերցողին հնարավորություն կտա նոր դիտանկյունից ծանոթանալ արգենտինական մշակույթի և մտածողության առանձնահատկություններին, հասկանալ դրանց խորությունը և սիրել արգենտինական մշակույթը»,- իր խոսքում ասաց Հայաստանում Արգենտինայի Արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
«Ցատկախաղը դուրս է դասական վեպի մասին եղած պատկերացումներից:
Հեղինակը ընթերցողին դրդում է հարցադրումների ու ներքաշում գաղափարների քննարկման մեջ, կոտրում է կարծրատիպեր, վերանայում է սերն ու սիրային հարաբերությունները նկարագրող լեզուն»,- ասաց գրքի թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանը:
«Կորտասարն այն գրողն է, որի ստեղծագործությունների խորությունը, լեզուն և դեպքերի սրընթաց զարգացումը միշտ զարմացնում են ընթերցողին՝ թույլ չտալով <<կտրվել գրքից>>: Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է եկել որպես Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությունների աջակից: Մենք ուրախ ենք, որ կարողացանք մեր համեստ լուման ներդնել նաև այս գեղեցիկ նախաձեռնության իրականացման մեջ»,- ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
Շնորհանդեսի ընթացում խոսքով հանդես եկան նաև հյուրեր՝ կարևորելով նման բարձրարժեք գործերը հայերեն թարգմանությամբ հայ ընթերցասերներին ներկայացնելու անհրաժեշտությունը:
Նշենք, որ «Կոնվերս Բանկ՚ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկի մասնաճյուղերի ցանցը ներառում է 34 ստորաբաժանում, որոնցից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը` Հայաստանի մարզերում, 1-ը` Արցախում: