Արմինֆո.Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Վիլյամ Լեյսի Սվինգին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասվում է. «Ինձ համար հաճելի է և պատիվ Միգրացիայի միջազգային կազմակերպության և անձամբ իմ անունից Ձեզ հղելու անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Միգրացիայի միջազգային կազմակերպությունը շահագրգռված է շարունակելու խորացնել Հայաստանի հետ իր գերազանց համագործակցությունը և Միգրացիոն պետական ծառայության ղեկավարության հետ համատեղ ընդլայնելու Հանրապետությունում միգրացիայի կառավարման բարեփոխումները: Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հանձնառու է աջակցելու Եվրոպական միության հետ ստորագրված Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, նաև՝ Հայաստանի քաղաքացիների, ներառյալ՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար դեպի ԵՄ վիզայի ազատականացման բանակցությունների մեկնարկին՝ միտված Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և օժանդակության կարիք ունեցող միգրանտների սատարմանը: Միգրացիայի միջազգային կազմակերպությունը պատիվ է համարում շարունակելու առկա նշանակալի համագործակցությունը՝ միգրացիայի ոլորտում ձեռքբերված արդյունքները ուղղորդելով ձեր հիանալի երկրի կայուն զարգացմանը: Ձե՛րդ Գերազանցություն, ընդունեք խնդրեմ, Ձեր նոր պաշտոնում ամենայն հաջողության մաղթանքներս և խորին հարգանքներիս հավաստիքը՚: