Արմինֆո.«Պետք է շատ հստակ ձևակերպվի, թե ում դեմ է արվում այդ ամեն ինչը՚, - կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Սասնա Ծռերի՚ համակիրների գործողություններին առնչվող հարցին, ովքեր պարբերաբար փողոցներ են փակում և անցկացնում են բողոքի այլ գործողություններ` պահանջելով նրանց անհապաղ ազատում: «Ես հստակ իմ դիրքորոշումներն արտահայտել եմ հանրային համերաշխությունը վերականգնելու անհրաժեշտության մասին։ Ցանկացած ակցիա, որ արվում է, ամենավատն էն վիճակն է, երբ որ ձևակերպված չէ, թե ում դեմ է արվում այդ ակցիան։ Էլի եմ ասում, եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ և քրեակատարողական հիմնարկի դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ, որովհետև կան ընթացակարգեր, կան մարմիններ, կան իրավիճակներ, և բոլոր հարցերը պետք է այդպես լուծվեն», - հայտարարել է Փաշինյանը։
Երկրորդ օրն է` «Սասնա Ծռերի՚ համակիրները փակ են պահում Արշակունյաց պողոտանան բանից հետո, երբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին մերժեց «Սասնա ծռերի» խմբի 10 անդամների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը: Պաշտպանները միջնորդել էին նրանց գրավի դիմաց կամ չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակելու համար: Պավլիկ Մանուկյանը կոչ արեց հասարակայնությանը փակել փողոցները՝ ճնշում գործադրելու դատավորի վրա, որպեսզի նա արդար վճիռ կայացնի: Հաջորդ նիստը նշանակված է մայիսի 23-ին:
Մայիսի 15-ին իր հերթական տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է դառնա երկիր, որտեղ քաղբանտարկյալներ չկան, ուստի այդ հարցը պետք է գտնի իր լուծումը: Նա նաև ընդգծել էր, որ այդ խնդիրը պետք է լուծվի բացառապես օրենքով նախատեսված գործիքների միջոցով: «Մենք այսօր քաղբանտարկյալներ ունենք հենց այն պատճառով, որ նախորդ իշխանությունները զանգահարում էին դատավորներին և ասում, որ այս կամ այն անձին հարկավոր է դատապարտել: Մեզ համար նման եղանակներն անընդունելի են՚, - հայտարարել էր Փաշինյանը: Անդրադառնալով «Սասնա Ծռերի՚ գործերին` վարչապետը նշել էր. «Ինձ համար կա երկու տարբեր խնդիր. քաղաքականության հետ առնչվող խնդիր, որտեղ զոհեր չունենք, եւ դեպքեր, որ զոհեր ունենք: Խոսքը վերաբերում է «Սասնա ծռերինե: Այն դեպքերում, որտեղ զոհեր չունենք, շատ հեշտ է հարցը լուծել: Եթե նման հնարավորություն չկա, պետք է մտածենք այդ մարդկանց համաներմամբ ազատ արձակելու մասին կամ կիրառել ներման ինստիտուտը: Սակայն բոլոր այդ հարցերը պետք է լուծել օրինականության սահմաններում: «Սասնա ծռերի՚ գործը մի փոքր այլ է: Այն շատ կարեւոր է համերաշխության մթնոլորտ ձեւավորելու համար: Մենք այս խնդրի վերաբերյալ պետք է հանրային քննարկումներ ունենանք՝ հրավիրելով նաեւ սպանված ոստիկանների հարազատներին: Այդ խնդիրը պետք է լուծենք՝ իրավիճակը ճշգրիտ գնահատելուց հետո, դա շատ նուրբ խնդիր է, եւ որոշակի ընթացակարգեր պետք է անցնի»: