Արմինֆո. Երևանում տոնել են Արիության և բուլղարական բանակի կամ, ինչպես ընդունված է ժողովրդի շրջանում, Սուրբ Գեորգիի օրը:
Հայաստանում Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդ Յանչո Կամիտովը տոնական երեկոյի ժամանակ նշել է, որ յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ կան էջեր, որոնք ներշնչում են լավատեսություն և հպարտությամբ են լցնում սրտերը: «Բուլղարացի ժողովրդի համար այդպիսի տոներից մեկը մայիսի 6-ն է` Արիության և բուլղարական բանակի կամ Սուրբ Գեորգիի օրը: Ինչպես բալկանյան պատերազմների, այնպես էլ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, բուլղարական բանակը միակն էր, որ կրում էր սուրբ ազգային միասնության գաղափարի դերը: Մեր զորքերի հերոսություններն ընդմիշտ կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ` որպես ազգային հպարտության անսասան սյուն, իսկ մեր ժողովրդի ռազմարվեստը ներկայացված է ոչ միայն Եվրոպայի, այլև ողջ աշխարհի ռազմական դասագրքերում: Այսօր գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր զոհվել են հանուն Բուլղարիայի անկախության՚, - նշել է ռազմական կցորդը:
Նա ընդսմին հավելել է, որ վերջին տարիներին բուլղարական բանակում տեղի են ունեցել բարեփոխումներ և լուրջ արդիականցում: Կամիտովի ասելով, չնայած բոլոր դժվարություններին, վստահությամբ կարելի է փաստել, որ Բուլղարիան ունի լավ պատրաստված և արդյունավետ բանակ, որն ի զորու է լուծել երկրի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանն առնչվող խնդիրները: Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդը փաստել է, որ այսօր բուլղարական բանակը հաջողությամբ ներգրավված է ՆԱՏՕ շրջանակում տարբեր խաղաղապահ առաքելություններում և, հետևելով միջազգային պարտավորություններին, շարունակում է իր ավանդը ներդնել միջազգային խաղաղության և անվտանգության գործում:
«Երկկողմ համագործակցության շրջանակում Բուլղարիայի պաշտպանության նախարարության ջանքերը նպատակաուղղված են դաշնակիցների հետ համագործակցության խորացմանը, գործընկերների հետ շփումների զարգացմանը, Հարավ-արևելյան Եվրոպայում անվտանգության և կայունության հետագա ամրապնդմանն ու ինտեգրման գործընթացների խորացմանը: Այդ առնչությամբ ես կցանկանայի նշել, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև հաստատվել են հիանալի հարաբերություններ ոչ միայն ռազմաքաղաքական ոլորտում, այլ մնացած բոլոր բնագավառներում: Հայաստանի տարածքում ռազմական կցորդի գործունեության վերսկսումը նոր խթան է հաղորդել հայ-բուլղարական պաշտպանական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները և նրան համարում ենք մեր կարևոր գործընկեր՚, - եզրափակել է Կամիտովը: