Արմինֆո. Դավիթ Տոնոյանը կնշանակվի Հայաստանի պաշտպանության նախարար: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դավիթ Տոնոյանը ծնվել է 1967 թ. դեկտեմբերի 27-ին, Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում: 1991 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1997 թ. ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան, 1986-1988 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում,1992 թ.-ից ՀՀ զինված ուժերում է. 1992-1994 թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում,1994 թ. զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ, 1997 թ. ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում: 1998 թ.-ից զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ, 2004 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ, 2007 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ, 2009 թ. նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, 02.10.2010 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 06.02.2017 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: