Արմինֆո. Ղարաբաղյան խնդրի առնչությամբ ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ավելի շատ հարցեր առաջացնում, քան պատասխաններ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ավելի շատ հարցեր առաջացնում, քան պատասխաններ: Դա միամտույթուն է, առարկայի չիմացություն, թե՞ հաղթողի հոխորտանք: Կապրենք՝ կտեսնենք»,-հայտարարել է Հաջիևը:
Նրա խոսքով, «գործընթացի սկզբում Ադրբեջանը հույս էր հայտնել, որ Հայաստանում իշխանության կգան ողջամիտ ուժեր, որոնք կկարողանան սթափ գնահատել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը»:
Թե Հայաստանի վարչապետի հատկապես որ հայտարարությանն է արձագանքել Հաջիևը, ցավոք, հայտնի չէ, քանի որ նոր վարչապետի հայտարարություններից ոչ մեկը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ պաշտոնական Երևանի ընդհանուր գծից չի տարբերվել: Հնարավոր է, խոսքը բանակցային գործընթացին պաշտոնական Ստեփանակերտի՝ որպես բանակցային կողմ, մասնակցության մասին է, ինչի անհրաժեշտության մասին պաշտոնական Երևանն արդեն բազմիցս հայտարարել է՝ կարգավորման գործընթացին ավելի մեծ կառուցողականություն հաղորդելու նպատակով: