Արմինֆո. Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու կապակցությամբ:
«Այսօր Հայաստանի խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին ընտրել է Հայաստանի նոր վարչապետ՝ Սահմանադրությանը համապատասխան: Եվրամիությունն անհամբեր սպասում է Փաշինյանի և նրա կառավարության հետ աշխատանքին՝ անցած տարվա նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ` ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հետագա ամրապնդման և բարգավաճ ու կենսունակ երկրի ստեղծման նպատակով՝ ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների: Այս կարևոր նպատակներին հասնելու համար կենսական է մնում համընդգրկուն երկխոսությունը Հայաստանի քաղաքական բոլոր շահառուների միջև, ներառյալ քաղաքացիական հասարակությունը», - ասվում է ԵՄ հայտարարությունում: