Արմինֆո.Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ընթացքում ես դիմել եմ այնպիիս քայլերի, որոնք նախագահից սովորաբար չեն ակնկալվում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը` բրիտանական The Independent թերթում հրապարակված հարցազրույցում։
Նրա ասելով, չնայած այն հանգամանքին, որ ինքը գիտնական է, շատ քիչ բան կարող էր կանխատեսել վերջին իրադարձությունների առնչությամբ: «Մարդիկ մեքենա չեն՚, - նկատել է Սարգսյանը, ով հանրահայտ «Տետրիս՚ խաղը ստեղծած գիտնականներից մեկն է։ Խոսելով միջնորդի իր դերի մասին՝ Սարգսյանը խոստովանել է, որ դա բավականին բարդ էր: «Սակայն անհնար է իր աշխատանքը կատարել գրասենյակում նստած՚, - նշել է նա։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը անսպասելիորեն հայտնվել էր Հանրապետության հրապարակում հանրահավաքներից մեկի ժամանակ, որտեղ զրուցել էր ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, և ավելի ուշ Հայաստանի նախագահի միջնորդությամբ կազմակերպվել էին տարբեր հանդիպումներ և բանակցություններ։
Անդրադառնալով Փաշինյանի եւ նրա կողմնակիցների բերման ենթարկմանը` Արմեն Սարգսյանը խոստովանել է, որ չի ողջունել այդ որոշումը, հաղորդելով, որ դրանից հետո ինքը հանդիպման է հրավիրել Սերժ Սարգսյանին:
Հայաստանի նախագահը նաև հավաստիացրել է, որ այսուհետև էլ պատրաստ է կառուցողական դեր կատարել, եթե նման անհրաժեշտություն ծագի: «Ես պատրաստ եմ կանգնել ոստիկանի եւ ցուցարարի միջեւ, եթե նման անհրաժեշտություն ծագի», - հայտարարել է նա:
Սարգսյանն ընդսմին շեշտել է, որ Հայաստանի նոր կառավարությանն առաջիկայում շատ փորձություններ են սպասում: «Նիկոլ Փաշինյանն իրեն դրսեւորել է որպես տաղանդավոր քաղաքական գործիչ` հանրային կարծիքի խորին ընկալմամբ։ Սակայն, կառավարության ղեկավարումը բոլորովին այլ խնդիր է։ Նա պարտավոր է լինելու պատասխանններ տալ այն բոլոր հարցերին, որոնք նախկինում ինքը տվել է կառավարությանը։ Եվ մարդիկ պետք է հասկանան, որ ամեն ինչ չէ, որ նախկինում սեւ էր, եւ ամեն ինչ չէ, որ վաղը սպիտակ կլինի »,- եզրափակել է Հայաստանի նախագահը։