Արմինֆո.Բողոքական շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն այսօր առավոտից Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում վերսկսել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները: Առավոտից երևանյան բուհերի ուսանողները գործադուլ են սկսել:
Նրանք փակել են քաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ: Իրավակարգի ուժերը, որոնք հայտարարում են, որ ցուցարարները խախտում են հասարակական կարգը, փորձում են ապաշրջափակել ճանապարհները: Ցուցարարները ավտոմեքենայի օգնությամբ փակել են արդարադատության նախարարության շենքի մուտքը:
Քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում նաև Երևանի այլ հատվածներում: Մի խումբ քաղաքացիներ փակել են դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը:
Նշենք, որ երեկ, այն բանից հետո, երբ ԱԺ-ն մերժեց բողոքական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ընդդիմությունը քաղաքացիական անհնազանդության ակցիաները շարունակելու կոչ արեց: Փաշինյանը հայտարարեց, որ այս քայլով ՀՀԿ վերջնականապես իրեն թաղեց: «Հետևաբար՝վաղը մենք հայտարարում ենք համընդհանուր գործադուլ: Ժամը 8:15-ից մենք փակում ենք բոլոր փողոցներն ու ճանապարհները, ինչպես նաև օդանավակայանը և երկաթուղիները: Սա ես ասում եմ որպես վարչապետի ժողովրդական թեկնածու: Մենք հաղթեցինք, բայց Հանրապետական կուսակցությունը հրաժարվում է ընդունել այդ հաղթանակը, բայց մենք այն կհասցնենք ավարտին», - ասել է նա: Փաշինյանը ոստիկանությանը կոչ է արել միանալ համաժողովրդական շարժմանը: Միաժամանակ նա նշել է, որ պայքարը կրում է բացառապես խաղաղ բնույթ, և ակցիայի ընթացքում չպետք է լինեն բռնի գործողություններ: «Պարզապես անտեսեք հանրապետականներին, դարձրեք նրանց քաղաքական մարգինալներ, կարծես այդ մարդիկ գոյություն չունեն, ընդհանրապես», - ասել է Փաշինյանը՝ ևս մեկ անգամ առաջ է քաշելով առանց նախապայմանների և այլընտրանքի իրեն վարչապետ ընտրելու պահանջը: