Արմինֆո. «Քայլ արա» շարժման առաջնորդ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, վաղը, օրվա առաջին կեսը կնվիրի ԱԺ մյուս խմբակցությունների հետ խորհրդակցություններին: Այս մասին ապրիլի 29-ի հանրահավաքում հայտարարել է Փաշինյանը:
«Վաղը առավոտից ես լուրջ աշխատանքներ պետք է կատարեմ Ազգային ժողովում: Ես պետք է խորհրդակցեմ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի օրվա վերջին այդ մասին զեկուցեմ ձեզ և հայտարարեմ, որ մայիսի 1-ի ընտրություններում ժողովրդի թեկնածուի ընտրույթունը երաշխավորված է: Ուստի, խնդրում եմ ընդմիջում կատարել և ժամանակավորապես վերջ տալ քաղաքացիական անհնազանդության ակցիաներին, քանի որ ես չեմ կարողանա հանգիստ աշխատել գրասենյակայիյն պայմաններում, երբ դրսում իրականացնում եք անհնազանդության գործողություններ: Ես խնդրում եմ վաղը չիրականացնել անհնազանդության որևէ գործողություն, որպեսզի մեր թիմը կարողանա հանգիստ ավարտել աշխատանքը խորհրդարանում, մեր դե-յուրը հաղթանակն արձանագրելու համար», - ասել է Փաշինյանը:
Միևնույն ժամանակ, նա կոչ է արել այսօրվանից դադարեցնել SMS գրելը և զանգերը ՀՀԿ պատգամավորներին: Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ ինքն անձամբ, ժողովրդի անունից, վաղվա կհանդիպի Հանրապետականների հետ և կքննարկի հարաբերությունների օրակարգը:
Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշել է, որ ապրիլի 30-ին, ժամը 17.00-ին, ինքը կգա Գարեգին Նժդեհի հրապարակ, որտեղից սկսվում է երթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ հանրահավաքում նա կպատմի օրվա արդյունքներում տեղի ւոնեցած հանդիպումների և հետագա գործողությունների մասին: «Ամեն դեպքում, մայիսի 1-ին, մենք հանրապետության բոլոր մարզերից, ժամը 08:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում, և մեր հետագա գործողությունները կորոշվեն, ելնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից», - եզրափակել է նա: