Արմինֆո. Մեր երկրում դրամատիկ ոչինչ չի լինի, եթե ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը ղեկավարի Նիկոլ Փաշինյանը, և որին կհաջորդեն քաղաքական համապատասխան ընթացակարգերը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՀԿ պատգամավորներին հղված իր ուղերձում այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա , մասնավորապես, նշել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է արագ և ճիշտ տակտիկական լուծումներ գտնել: «Ինչի՞ց եք վախենում. եթե դուք, ինչպես ասում եք, ժողովրդի ընտրյալն եք և մեծամասնություն, ապա լսե’ք նրա ձայնը, կանգնե’ք նրա կողքին և ապագա նոր խորհրդարանական ընտրություններում վերահաստատեք այն: Եթե երկրի քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանը, իր գաղափարակիցների հետ կարողացել է համախմբել բոլորին, ապա իրավունք է վաստակել առաջնորդելու հետագա քաղաքական գործընթացները», - ընդգծել է Սեյրան Օհանյանը: «Ապավինում եմ ողջ ՀՀԿ-ի անձնակազմի ողջախոհությանը, որոնցից շատերի հետ միասին Անկախության տարիներից ի վեր երկար ճանապարհ ենք անցել: Կանգնե’ք ժողովրդի կողքին: Մեր փրկությունը մեր միասնական ուժի մեջ է», - եզրափաակել է նա: