Արմինֆո. Ոչ ոք չի կարող գողանալ ժողովրդի հաղթանակը, նրան, որ փորձի դա անել, սպասում է Սերժ Սարգսյանի ճակատագիրը: Վանաձորում հանրահավաքի ժամանակ այդ մասին հայտարարել է ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մայիսի 1-ին Հայաստանի վարչապետ ընտրվի ոչ ժողովրդի թեկնածուն, ապա Հայաստանում եւ Սփյուռքում բողոքի ակցիաները կշարունակվեն տասնապատիկ թափով: Մեր շարժումն ունի մեկ առաջնորդ, եւ դա ձեզանից յուրաքանչյուրն է, եւ մայիսի 1-ին ձեզանից յուրաքանչյուրը պետք է ընտրվի վարչապետ», - հայտարարել է ընդդիմադիր գործիչը, ընդգծելով, որ ժողովրդի հաղթանակը փորձել է գողանալ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, եւ այդ գործում փորձել է ապահովել այլ անձանց աջակցությունը: «Եվ ահա այսօր ՀՀԿ պատգամավոր, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն չպետք է իր թեկնածուին առաջադրի վարչապետի պաշտոնի համար», - հայտարարել է նա, ընդգծելով, որ մյուս խմբակցություններից ակնկալում է միանշանակ աջակցություն իր թեկնածությանը ընտրությունների ժամանակ: «Այլ հնարավոոորություն չկա», - հայտարարել է նա:
Անդրադառնալով ոստիկանության այսօրվա հայտարարությանը, Փաշինյանն ընդգծել է, որ մայիսի 1-ին հանրահավաքի ժամանակ Երեւանում չպետք է լինեն փշալարեր եւ հատուկ տեխնիկա: Նա վերստին կոչ է արել բարյացակամ լինել ոստիկանների հանդեպ: «Այսուհետեւ հենց այդպես պետք է կառուցվեն հարաբերությունները ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ», - հայտարարել է Փաշինյանը:
Ուշագրավ է, որ ընդդիմադիր գործչի ելույթի պահին լուր է ստացվել, թե ՀՀԿ-ն որոշել է վարչապետի պաշտոնի համար թեկնաածու չառաջադրել: Փաշինյանն այդ մասին հաղորդել է հանրահավաքի մասնակիցներին, ովքեր սկսել են վանկարկել. «Նիկոլ վարչապետ»:
Սակայն դա Փաշինյանին չի ոգեշնչել: Նա ասել է. «Դա վատ չէ, սակայն լավ կլինի, որ բոլոր խորհրդարանական ուժերը հայտարարեն ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանելու պատրաստակամության մասին, ես պատրաստ եմ հանդիպել ՀՀԿ բոլոր պատգամավորների հետ, ապացուցելու համար, որ մենք փակում ենք ատելության էջը: Եթե ՀՀԿ-ն գնա այդ քայլին, նա կդառնա այդ պատմական պահի մասնակից: Վերստին ցանկանում եմ հույս հայտնել, որ մյուս քաղաքական ուժերը չփորձեն գողանալ ժողովրդի հաղթանակը, քանի որ դա կհանգեցնի այդ ուժերի մարգինալացման», - հայտարարել է ընդդիմադիր գործիչը, հավելելով, որ ապրիլի 29-ին, ժամը 12:00-ին կվերսկսվեն անհնազանդության գործողությունները: «Բոլոր ճանապարհները պետք է փակվեն, պետք է լինի համատարած գործադուլ, ինձ դիմել են Ալավերդու բնակիչները՝ երկաթուղին փակելու խնդրանքվ: Դե ինչ՝ արեք դա: Իսկ ժամը 19:00-ին կկայանա ամենահզոր հանրահավաքը, որ երբեւէ եղել է», - հայտարարել է ընդդիմադիր գործիչը՝ կոչ անելով ժամը 16:00-ին բացել ճանապարհները, որպեսզի ժողովուրդը կարողանա հասնել Հանրապետության հրապարակ:
«Անհնազանդության գործողությունների միակ օրակարգը պետք է լինի ժողովրդական վարչապետի ընտրությունը: Սակայն ես ներողություն եմ խնդրում քաղաքացիներից պատճառված անհարմարությունների համար, այս ամենն արվում է ձեզ համար», - ամփոփել է ընդդիմադիր գործիչը՝ ընդսմին հորդորելով խստորեն պահպանել օրենքի պահանջները: «Այժմ դուք եք Հայաստանի իշխանությունը», - հավաստիացրել է նա հավաքվածներին: Հանրահավաքն ավարտվել է երթով Վանաձորի փողոցներոմւ: