Արմինֆո. Վանաձորում ընթանում է «Քայլ արա» շարժման բազմահազարանոց հանրահավաքը, որին մասնակցում են Լոռու մարզի տարբեր քաղաքների եւ գյուղերի բնակիչներ: Ընդ որում, հանրահավաքի կազմակերպիչները հաղորդել են, որ մարզային իշխանությունները տարբեր եղանակներով փորձել են խոչընդոտել քաղաքացիների տեղաշարժին, բողոքի գործողություններին ուսանողների մասնակցությանը, նույնիսկ, փորձել են փչացնել հանրահավաքների անցկացման համար անհրաժեշտ տեխնիկան:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախաագահ Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ մայիսի 1-ին դե-յուրե կարձանագրվի ժողովրդի հաղթանակը, եւ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկլ Փաշինյանը կընտրվի Հայաստանի վարչապետ: Պապիկյանը նաեւ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո Վանաձորը կվերգտնի Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնի իր իմիջը:
Նա հայտարարել է, որ վարչապետի պաշտոնի թեկնածուի հարցն արդեն փակված է, եւ դրա շուրջ բանակցություններ վարելու հարկ չկա: «Բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր կփորձեն առաջադրվել վարչապետի պաշտոնի համար, այլեւս չեն կարող զբաղվել քաղաքականությամբ, քանի որ ժողովուրդը նրանց կհամարի դավաճան, որ փորձում են գողանալ իր հաղթանակը (այսօր տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Կարեն Կարապետյանից զատ վարչապետի պաշտոնի համար մտադիր է առաջադրվել նաեւ Գագիկ Ծառուկյանը-խմբ.)», - հայտարարել է ընդդիմադիր գործիչը: