Արմինֆո. Ոչ Ռուսաստանը, ոչ Արեւմուտքը հայկական «թավշյա» հեղափոխության կատալիզատոր չեն հանդիսանում: Համենայն դեպս, առայժմ նման միտումներ չեն դիտվում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծքի է հայտնել «Վալդայ» միջազգային բանավեճերի ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը:
«Հայաստանի բոլոր ներքաղաքական իրադարձություններն ունեն զուտ ներքին պատճառներ, շարժառիթներ, եւ, որպես հետեւանք՝ զարգացման դինամիկա: Հասարակական դժգոհության փողոց ժայթքած պաթյունը պայմանավորված է, առաջին հերթին, կառավարող ՀՀԿ ղեկավարության կողմից սեփական ժողովրդի եւ հասարակության սխալ գնահատականով», - նշել է նա:
Վերլուծաբանի գնահատմամբ, որոշակի ուժեր արդեն փորձում են Հայաստանի իրադարձությունները դիտարկել հետխորհրդային տարածքում Ռուսաստան-Արեւմուտք հերթական առճակատման լույսի ներքո: Այդ համատեքստում նա կարեւորել է տվյալ թեմայի շուրջ շահարկումների անթույլատրելիությունը, առաջին հերթին՝ հենց Հայաստանում:
Լուկյանովը ճիշտ է համարում Հայաստանի ներքին գործերին եւ խնդիրներին չմիջամտելու Մոսկվայի դիրքորոշման հրապարակավ ցուցադրումը եւ ժողովրդի կողմից ընտրված ցանկացած իշխանության հետ աշխատելու պատրաստակամությունը: Նրա գնահատմամբ, նման դիրքորոշումը պայմանավորված է Ռուսաստանից հայերի դժգոհությամբ եւ վերջին տարիներին ներքին գործերին միջամտության մասին հնչող մեղադրանքներով:
«Կարծում եմ, որ Հայաստանում իշխանափոխության ավարտից հետո եւս կպահպանվեն հարաբերությունների զարգացման մակարդակն ու դինամիկան, ինչը պայմանավորված է Հայաստանի այլընտրանքային գործընկերոջ բացակայությամբ, որն ի զորու լինի փոխարինել Ռուսաստանին: Ես հենց այդ տեսանկյունից եմ դիտարկում հանրապետությունում վերջին իրադարձությունների առնչությամբ Մոսկվայում անհանգստության բացակայությունը», - ընդգծել է նա:
Լուկյանովն այդ տեսանկյունից է դիտարկում նաեւ ապրիլի 25-ին Մոսկվայում Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի, ինչպես նաեւ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի եւ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության միջեւ բանակցությունները: Նրա գնահատմամբ, թյուրըմբռնումից խուսափելու համար Մոսկվայի հետ երկխոսություն կվարի Հայաստանի ոչ միայն ներկայիս, այլեւ ցանկացած այլ պատասխանատու ղեկավարություն: