Արմինֆո. Հայաստանի ժողովուրդը բազմիցս հայտարարել է, որ ձեռքբերված հաղթանակը պետք է ամրագրվի դե-յուրե: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Քայլ արա» շարժման առաջնորդ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի առաջիկա ընտրություններին:
Պատգամավորն ընդգծել է նաև, որ բազմիցս իրենց դիրքորոշումն են հայտնել մայիսի 1-ին կայանալիք ընտրությունների առնչությամբ: «Ժողովուրդը բազմիցս հայտարարել է, որ հաղթանակը պետք է ամրագրվի դե-յուրե: Հարցն այն, թե արդյոք ՀՀԿ-ն ցանկանում է կարգավորել ստեղծված ճգնաժամը: Եթե վարչապետի պաշտոնում ընտրվի հանրապետական, ճգնաժամը կպահպանվի, քանի որ մենք կշարունակենք մեր խաղաղ ցույցերը և կփորձենք բացատրել հանրապետականներին, օրինակ՝ Կարեն Կարապետյանին, ինչպես բացատրել ենք Սերժ Սարգսյանին, որ նրանք չեն հասկանում երկրում ստեղծված իրավիճակը: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ կառավարության ղեկավարը չպիտի լինի հանրապետական, որպեսզի ապահովվի նոր խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Ըստ որում, նա կանխատեսել է մայիսի 1-ին Երևանի փողոցներ Հայաստանի հարյուրավոր քաղաքացիների դուրս գալը: Այս առնչությամբ Փաշինյանը բոլոր քաղաքացիներին կոչ է արել մայիսի 1-ին՝ 08:00-ին, լինել Երևանում, լցնել մայրաքաաքի փողոցները և հրապարակները:
Անդրադառնալով այն բանին, թե ինչպես կքվեարկեն «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն խորհրդարանում՝ Փաշինյանը հույս է հայտնել, որ այդ երկու ուժերը մինչև մայիսի մեկը կկողմնորոշվեն իրենց դիրքորոշման հարցում և հրապարակայնորեն կհայտարարեն, թե ինչպես են քվեարկելու վարչապետի ընտրություններում:
Այն դիտարկմանը, որ «Ծառուկյան» դաշինքի կողմնակիցները խոսում են իրենց առաջնորդին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին՝ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ցանկացած քայլ ճիշտ գնահատականի կարժանանա ժողովրդի կողմից:
Այն հարցին, թե ՀՀԿ-ից որ պատգամավորն է իրենց միանալու պատրաստակամություն հայտնել՝ նա ասել է, որ դեռևս ոչ ոք այդ ուղղությամբ գործնական քայլեր չի ձեռնարկել: Այս առնչությամբ Փաշինյանն առաջարկել է հրապարակել բոլոր պատգամավորների հեռախոսահամարները, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա կապվել նրանց հետ և իր դիրքորոշումը հայտնել:
Պատգամավորն ընդգծել է նաև, որ ունի ժողովուրդի մանդատը և օգտվում է հազարավոր քաղաքացիների աջակցությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս, քանի որ նրանք ցանկանում են բարեկեցիկ ապրել իրենց պետությունում:
«Խորհրդարանն ուղղակի պետք է հաշվի առնի ժողովրդի կամքը: Բոլոր հույսերն այսօր կապում ենք ժողովրդի հետ: Հենց ժողովուրդը իշխանությունների վրա ճնշման միջոցով կարող է ամրագրել մեր ձեռքբերած հաղթանակը»,- ասել է պատգամավորը:
Անդրադառնալով վարչապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի հնարավոր առաջադրմանը՝ Փաշինյան ասել է, որ անլուրջ խոսակցություններ է համարում դրանք:
«Կամ քաղաքական ճգնաժամը կլուծվի, կամ կխորանա: Այսինքն՝ խոսքը աթոռակռվի մասին չէ: Համոզված ենք, որ հայ ժողովուրդն այժմ զարթոնք է ապրում, և դավաճանություն կլիներ ջանքեր չգործադրել այդ հաղթանակի դե-յուրե ամրագրման համար»,- ասել է ընդդիմասդիր շարժման առաջնորդը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու չնշանակել չեզոք վարչապետ՝ Փաշինյանը հանդիպակաց հարց է տվել. «Իսկ ո՞վ է պատասխանատվություն կրելու այդ չեզոք վարչապետի գործունեության համար: Նույնիսկ եթե մենք և ՀՀԿ-ն համաձայնության գանք այդ հարցում, իսկ հետո ինչ-որ բան այնպես չգնա, ո՞վ է պատասխանատվություն կրելու: ՀՀԿ-ն փաստացի արդեն ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում, ստացվում է, ողջ պատասխանատվությունը մեզ վրա՞ է ընկնելու: Եթե պատասխանատվությունը մեզ վրա լինի, ինչո՞ւ նույն հաջողությամբ մեր վարչապետը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»,- ասել է Փաշինյանը:
Ըստ որում, նա ավելացրել է, որ այն ամենը, ինչ իրենք առաջարկում են, 100 տոկոս համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, որի համաձայն՝ խորհրդարանը կարող է վարչապետ նշանակել Հայաստանի ցանկացած քաղաքացու, և պարտադիր չէ, որ նա խորհրդարանական մեծամասնության թեկնածուն լինի: Նրա համոզմամբ, ՀՀԿ-ն այսօր պետք է ցույց տա, որ պատրաստ է գնալ երկրում ստեղծված ճգնաժամի կարգավորմանը: