Արմինֆո. Հանրապետական կուսակցությունում լիակատար խառնաշփոթ է, համոզված է «Քայլ արա» շարժման առաջնորդ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ինչպես Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Փաշինյանը, օրերս ՀՀԿ ներկայացուցիչները հայտարարել են առանց նախապայմանների բանակցություններ վարելու պատրաստակամության մասին: «Ինչպես տեսնում եք, Կարապետյանի նստատեղն այժմ զբաղեցնում է իմ ուսապարկը»,- ասել է պատգամավորը:
Ըստ որում, Փաշինյանը գտնում է, որ բանակցությունների գալուց Կարապետյանի հրաժարվելը պայմանավորված է այն բանով, որ նա վստահ չէ իր բանակցային ներուժին: «Իսկ եթե նա հիմա վստահ չէ իր բանակցային ներուժին, ինչպես է նա ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու Ադրբեջանի հետ»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Անդրադառնալով նախօրեին կայացած Կարապետյան-Պուտին բանակցություններին՝ պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը միջազգային իրավունքը հարգող պետություն է, և զերծ կմնա Հայաստանի ներքին գործերին միջամտությունից: Այս համատեքստում պատգամավորը հերթական անգամ անհրաժեշտ է համարել ընդգծել, որ դա բացառապես Հայաստանի ներքին գործն է, և իրավիճակն աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի:
Նա նաև դժվարացել է ասել, թե ինչ նպատակով են կառավարության ներկայացուցիչներն այս օրերին մեկնել Մոսկվա: Պատգամավորը ենթադրել է, որ դա պայմանավոչված է երկրի ներսում աջակցության բացակայությամբ:
Միաժամանակ Փաշինյանը դժվարացել է մեկնաբանել վարչապետի պաշտոնում Կարապետյանի առաջադրման օրինականությունը՝ այն պատճառով, որ նա երկար ժամանակ չի բնակվել Հայաստանի տարածքում: Նրա խոսքով, ինքը դժվարանում է մեկնաբանել այդ հարցը հավաստի տեղեկատվություն չունենալու պատճառով, և այդ առնչությամբ կոչ է արել համապատասխան հասարակական կազմակերպություններին զբաղվել այդ հարցով:
«Այժմ հարցն այն է, թե ինչ խնդիր ենք մենք լուծում: Հարցն այն չէ, թե ով կլինի վարչապետ, այլ՝ ցանկանում ենք լուծել այս ճգնաժամը, թե՞ ոչ»,- հայտարարել է Փաշինյանը: