Արմինֆո.ՀՅԴ-ն դադարեցրել է քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը:
«Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը:
Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից: Անցնող օրերի ընթացքում ՀՅ Դաշնակցությունը հետևողական ջանքեր է գործադրել համախոհության ձևավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի և ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ:
Այսպես սակայն երկար չի կարող շարունակվել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրականության և օրենքների շրջանակներում:
Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին:
Առ այդ, Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձեւավորած կառավարության մշակած՝ պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի՝ ա) լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը, բ) հաղթահարել քաղաքական ճգնաժամը, գ) հստակ առաջնահերթություններ նախանշելով երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը, դ) լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասվում է ՀՅԴ Գերագույն մարմնի՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՅԴ-ից երկու պատգամավոր հայտարարել են, որ միանում են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը: «Սիրելի հայրենակիցներ, իմ ընտրողներին տրված խոստմանը համաձայն: Ես միանում եմ իմ ժողովրդին: Սա իմ որոշումն է: Հորդորում եմ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չտրվել սադրանքներին: Թող հաղթի ժողովրդի կամքը»,- գրել էր ՀՅԴ-ից պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում: Ավելի վաղ Փաշինյանին միանալու մասին էր հայտարարել ՀՅԴ-ից պատգամավոր Սուրեն Մանուկյանը: