Արմինֆո.Նաիրա Բադալյան: Այսօր առավոտյան մայրաքաղաքի բնակիչները Նիկոլ Փաշինյանի կոչով կրկին դուրս են եկել փողոց: Դասադուլավոր ուսանողները երթով անցնում են Երևանի կենտրոնական փողոցներով` վանկարկելով. «ՀՀԿ, հեռացիր, Հայաստանը մոռացիր՚, «Հայաստանը մեր երկիրն է՚, «Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետն է՚:
Նիկոլ Փաշինյանը դիմել է բողոքի երթի մասնակիցներին, հայտարարելով, որ փակ է Հալաբյան-Կիևյան խաչմերուկը, Արշակունյաց պողոտան, Գարեգին Նժդեհ հրապարակը, 200 ավտոմեքենա Մարտունիից շարժվում է դեպի Երևան:
Հավելենք, որ Վազգեն Սարգսյան փողոցում նկատվել է ռազմական տեխնիկայի կուտակում
Քիչ առաջ ԲՀԿ քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին՚: