Արմինֆո.Հայաստանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել է Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից «սույն թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցությունը»։
Ինչպես ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում, այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվելու են ամենախիստ պատասխանատվության միջոցները։ «ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից ցանկացած հավաքներին մասնակցելու կամ դրանք կազմակերպելու ազատության իրավունքի իրականացման սահմանափակումները սահմանված են Սահմանադրության 44-րդ հոդվածի 2-րդ մասում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ու 8-րդ հոդվածի 2-րդ մասում, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետում: Նշված զինծառայողների գործողությունները ոչ միայն դիտարկվում են որպես զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված զորամասում գտնվելու կարգի խախտում և զորամասն ինքնակամ թողնելու միջոցով իրենց պարտականությունների կատարումից հրաժարում, որի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան հաղորդում է տրվել իրավասու իրավապահ կառույցներին, այլև կոպտորեն խախտում են Զինված ուժերի քաղաքական գործընթացներից դուրս լինելու ժողովրդավարության առանցքային սկզբունքը: Սա պետք է մտահոգի նաև միջոցառման կազմակերպիչներին», - ասված է հաղորդագրությունում։
Ինչպես ԱրմԻնֆո-ն ավելի վաղ հաղորդել էր, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին միացել են մի խումբ զինծառայողներ: