Արմինֆո.Իրավիճակը Գարեգին Նժդեհի հրապարակում շարունակվում է սրվել: Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, դեպի հրապարակ են շարժվում մարդկան նոր խմբեր: Ցուցարարները վանկարկում են՝ «Նիկոլ», «Քայլ արա՝ մերժիր Սերժին»: Ոստիկանները շրջափակել են ոստիկանության Շենգավիթի բաժինը:
Ոստիկանությունը նաև լրացուցիչ ուժեր և տեխնիկա է կենտրոնացնում Հանրապետության հրապարակին մոտ գտնվող Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ: Ավելին, փակ են Տիգրան Մեծ փողոցի բոլոր խանութները, առևտի կենտրոնները: Դեպի Հանրապետության հրապարակ է շարժվում բազմահազարանոց երթ, որտեղ 19:00-ին տեղի կունենա հանրահավաք:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ենթադրել է, որ Փաշինյանը պահվում է Էրեբունիի նախնական կալանքի մեկուսարանում: Նա նաև կոչ է արել մարդկանց դուրս գալ փողոցներ և շարունակել բողոքի ակցիաները:
Նշենք, վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների տապալումից մեկ ժամ անց ոստիկանությունը սկսել է բողոքի ակցիաների ուժային ցրումը Էրեբունի համայնքում: Փաշինյանը, Միրզոյանը և Միքայելյանն իրավապահ մարմինների կողմից առևանգվել են իրադարձությունների վայրից:
Միրզոյանը և Միքայելյանը գտնվում են ոստիկանության Շենգավիթի բաժնում, ինչով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ: Մինչդեռ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ: Բողոքի ակցիաները մայրաքաղաքում չեն դադարում, ընդհարումներ են տեղի ունենում ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև, հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի: Ոստիկանությունը հայտարարում է բողոքի ակցիաների անօրինականության մասին և սպառնում է ուժային ճնշմամբ:
16:00-ի դրությամբ բերման է ենթարկվել արդեն 228 մարդ: