Արմինֆո.«Սերժի հրաժարականին շատ քիչ է մնացել, դուրս եկեք փողոց»,- ասվում է ոստիկանության կողմից բերման ենթարկված ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ: Մինչդեռ ցուցարարները երթով շարժվում են դեպի ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ, տարբեր տվյալներով, պահվում է ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
«Իրենց ընդդիմադիր համարող բոլոր քաղաքական ուժերին. Կոչ արեք մարդկանց դուրս գալ փողոց։ Ով լռում է կամ տուն գնալու կոչ է անում, երկարաձգում է մոլագար և ոչ ադեկվատ մարդու իշխանության հոգեվարքը և վնաս է հասցնում մեր հայրենիքին։ Նախարարներին, զանազան վարչությունների պետերին, ՀՀԿ պատգամավորներին ու ոստիկանության ղեկավարներին. Հենց հիմա հրաժարական հայտարարեք, մի կիսեք մահացող ռեժիմի բռնությունների պատասխանատվությունը»,- ասված է Փաշինյանի հայտարարության մեջ:
Ներկայումս ոստիկանության հատուկ ստորաբաժանումները փակում են դեպի Հանրապետության հրապարակ մուտքը: Միաժամանակ իրավակարգի մարմինները բերման են ենթարկում շարժմանն աջակցող ակտիվիստներին: