Արմինֆո. Ես իշխանության հետ բանակցությունների կգնամ միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը հայտարարել է, որ պարզապես ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահամերձ կամ մահացած իշխանությունը մեզ երկխոսության կոչ է անում: Քաղաքական դիակի հետ չեն երկխոսում: Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է: Եվ իշխանությունը այլևս անվերադարձ պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին, հայտարարել է Փաշինյանը՝ շարունակելով, - «Մենք ասում ենք, որ երկխոսելն արդեն ուշ է: Поезд ушел: Բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք որևէ քննարկում ունենալ, մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետները և դրա հետ կապված որոշ պայմաններ»:
Ընդդիմադիր պատգամավորը ներկայացրել է իր պատկերացումները հետագա քաղաքական զարգացումների մասին, որոնց համաձայն, Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, որից հետո Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, այնուհետև ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, իսկ Հայաստանի օրենսդրությամբ, վարչապետ նշանակվելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է Ազգային ժողովը հավանություն տա կառավարության ծրագրին: Նա նաև ոստիկանությանը կոչ է արել միանալ շարժմանը:
Պատգամավորը շեշտել է, որ իր կողմից կազմակերպված բողոքի ակցիան կրում է բացառապես խաղաղ բնույթ, և ցուցարարներից ոչ մեկն ուժ չի կիրառել ոստիկանության դեմ, ընդհակառակը, ոստիկանությունն է ուժ է կիրառել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ: Պատգամավորը նշել է, որ ոստիկանության նման գործողությունները չեն կարողանա կոտրել ժողովրդի կամքը:
«Ինձ ասվել է, որ շարժումը սատարում է ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը: Մեզ սատարում են նաև դերասաններ Հրանտ Թոխատյանը, Սերգեյ Դանիելյանը, Սարգիս Հակոբյանը և շատ ուրիշներ»: 2008 թ. մարտի 1-ին զոհված մեր հայրենակիցների մերձավորները, ինչպես նաև «Գալա» կուսակցությունը նույնպես աջակցում են մեզ», - ասել է պատգամավորը: Հանրահավաքին է միացել նաև հանրահայտ դերասանուհի Լանա Մնացականյանը, խոսելով բազմահազար մարդկանց առջև:
«Վաղը խաղաղ ցույցերը կշարունակվեն: Եկեք շարունակենք նույն գործողությունները, ինչպես այսօր, եկեք պայքարենք միասին: Մենք կսկսենք բոլոր գործողությունները վաղը ժամը 11: 00-ին: Վաղը ես բողոքի ակցիա կսկսեմ Նորքի 7-րդ զանգվածից: Իսկ 19:00-ին կմեկնարկի մեր հանրահավաքը Հանրապետության հրապարակում: Քայլ արա, մերժիր Սերժին», - կոչ է արել նա ցուցարարներին:
Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովա փողոցով, վանկարկելով «ոստիկաններ միացեք»: Երթը կրկին կավարտվի Հանրապետության հրապարակում: