Արմինֆո. Ամերիկյան համալսարանի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ստորագրահավաք է նախաձեռնել՝ ի պաշտպանություն բողոքի ցույցերին մասնակցող ուսանողների և դպրոցականների:
«Մենք՝ Հայաստանի տարբեր բուհերի դասախոսներս, դատապարտում ենք ուսանողների և դպրոցականների նկատմամբ խաղաղ ցույցերի ընթացքում հաճախակի դարձած բռնությունները: Վերջին օրերին հարյուրավոր պատանիներ ու երիտասարդներ են բերման ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ, նրանց մի մասը ենթարկվել է ֆիզիկական ու հոգեբանական բռնության: Մասնակցելով խաղաղ հավաքներին՝ սովորողները չեն խախտում որևէ օրենք, հակառակը՝ իրականացնում են իրենց սահմանադրական իրավունքները: Համոզված ենք. ՀՀ երիտասարդ քաղաքացիների՝ քաղաքական դիրքորոշում արտահայտելու գործողությունները միայն խրախուսանքի և աջակցության են արժանի, այդ թվում՝ ուսուցիչների և դասախոսների կողմից: Հետևաբար, մենք պահանջում ենք չխոչընդոտել նրանց ազատ կամքի արտահայտումն ու դադարեցնել նրանց հանդեպ բռնությունները: Հայտարարությունը բաց է ստորագրման համար»:
Կեսօրի սահմաններում հրապարակված հայտարարությանն ընդամենը երեք ժամվա ընթացքում միացել են 80 դասախոս և գիտնական: Ստորագրողների շատերն արագորեն համալրվում են նորանոր մարդկանցով:
Տարբեր աղբյուրների համաձայն, այսօրվա դրությամբ 200-ից 300 ակտիվիստներ են տեղափոխվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: