Արմինֆո. Մեծ բեռնատարների վարորդներն արձագանքել են բողոքին միանալու և փողոցներ դուրս գալու` «Քայլ արա` մերժիր Սերժին՚ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչին: Ակցիայի շրջանակում ֆուրերը փակել են երթևեկությունը Կիևյան-Հալաբյան խաչմերուկում` սատարելով ցուցարարներին: Մայրաքաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խստորեն դատապարտել է վարորդների գործողությունները և նրանց կոչ է արել ապաշրջափակել երթևեկությունը:
Իսկ Սարյան-Թումանյան խաչմերուկում, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մոտ ցուցարարներին սատարել է ցեմենտատարի վարորդը: Ցուցարարները ԿԱՄԱԶ-ի վրա փակցրել են եռագույնը:
Հավելենք, որ բողոքի ակցիաների մասնակիցները շարունակում են փակել մայրաքաղաքի փողոցներն ու պողոտաները: Ցուցարարների և իրավապահների միջև լուրջ բախումներ են տեղի ունեցել Ազատության պողոտայում, Արշակունյաց պողոտայում, Թումանյան-Սարյան, Կորյուն-Մաշտոց, Կորյուն-Տերյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկների մոտ: Հայաստանի ոստիկանությունում հաղորդել են, որ ժամը 13:00-ի դրությամբ մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքներ բերման է ենթարկվել 107 մարդ: