Արմինֆո. Բանակը հասարակության, պետության անբաժան մասն է և երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, անշուշտ, կապ ունի նաև բանակի հետ, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե երկրում հանրահավաքներն ինչպես են անդրադառնում բանակի վրա:
Սարգսյանը պատասխանել է, որ այժմ չի կարող զուգահեռներ անցկացնել բողոքի այս կամ այն ակցիայի և բանակում ծառայության միջև, բայց, անշուշտ, գտնում է, որ այն, ինչ տեղի է ունենում երկրում, մշտապես ուղիղ փոխշաղկապվածության մեջ է նաև բանակի մարտունակության աստիճանի հետ: «Խոսքը բողոքի հենց այդ ակցիայի մասին չէ, բայց պատկերացրեք, եթե նման իրադարձությունները կարողանային կաթվածահար անել ողջ պետական համակարգը Կարծում եմ` ցանկացած մարդու համար հասկանալի է, որ կաթվածահար կառավարման համակարգով պետության մարտունակությունն, իհարկե, կարող է մեծապես տուժել դրանից»,- հայտարարել է նախարարը:
Այն հարցին, թե ինչպես է նախարարը գնահատում վերջին օրերին Երևանում ընթացող բողոքի ակցիաները՝ Սարգսյանը հայտարարել է. «Անկեղծ ասած՝ կանխատեսում էի, որ Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ, ունենալով իրադարձությունների ծայրահեղացման փորձ, տեղեկատվական առիթ կգտնեն բողոքի ակցիաներ սկսելու համար: Մյուս կողմից՝ հասկանալի չէ, թե որն է տեղի ունեցող բողոքի միջոցառումների դրդապատճառը: Մեկ տարի առաջ մեր երկրում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Ձևավորվեց խորհրդարան և առաջին անգամ երկար տարիների մեջ այդ խորհրդարանի ձևավորման նկատմամբ գոյություն ունի բավականին բարձր վստահության աստիճան: Ընդդիմությունը ձևավորեց իր խմբակցությունը խորհրդարանում, ձևավորվեց կառավարություն, որը ներկայացրեց ծրագիր, ինչը մեկ տարվա մեջ զգալի արդյունք տվեց: Կարծում եմ՝ տեղեկատվական առիթը բավարար չէր նման բողոքի ակցիաներ սկսելու համար»,- ասել է Սարգսյանը: