Արմինֆո. Ռուսաստանը հուսով է, որ իրավիճակը Հայաստանում կզարգանա օրենքի շրջանակներում: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան հետևում է Երևանում բողոքի ակցիաներին:
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ ապրիլի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելու կապակցույամբ, ավելի ուշ տեղի է ունեցել նրանց հեռախոսազրույցը:
«Մենք հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, և հուսով ենք, որ ամեն բան տեղի կունենա օրենքի շրջանակներում»,- ասել է Պեսկովը: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես արձագանքել էր Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումներին:
Պետդեպարտամենտի հաղորդագրությունում, որը հրապարակվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանության «Ֆեյսբուք՚ սոցիալական ցանցի պաշտոնական էջում, մասնավորապես ասված է. «Մենք նկատել ենք, որ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամաարտահայտման և հավաքներ իրականացնելու իրավունքը: Մենք մոտիկից հետևում ենք Երևանի կենտրոնում և Հայաստանի այլ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին: Մեզ ոգևորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից և պատասխանատու վարքի դրսևորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության և ցուցարարների միջև երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»: