Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է ապրիլի 13-ին Երևանի պետական համալսարանի, իսկ 14-ին՝ Հանրային ռադիոյի շենքերում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած մի խումբ անձանց գործողությունների փաստերի առթիվ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով»։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին «Քայլ արա» նախաձեռնության ներկայացուցիչներն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փորձել էին մուտք գործել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ՝ վնասելով մուտքի դուռը եւ մարմնական վնասվածք պատճառելով համալսարանի անվտանգության ծառայության աշխատակիցներին:
Ավելի վաղ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որի համաձայն, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանը հավաքի մասնակիցներին երթով ուղղորդել է դեպի «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենք, որը հանդիսանում է պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ և գտնվում է ՀՀ ոստիկանության պահպանության ներքո: «Նշված շենք ներխուժումը կատարվել է օբյեկտում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով: Հավաքի մասնակիցները մուտք են գործել ընկերության սենյակներից մեկը՝ փակ վիճակում գտնվող դուռը կոտրելու եղանակով: Ոստիկանության ծառայողը պահանջել է Ն. Փաշինյանից հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից, սակայն հավաքի կազմակերպիչը ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին և չի ապահովել հավաքի բնականոն ընթացքը ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականության կատարումը: Ն. Փաշինյանը, պահելով շենքը, պահանջ է ներկայացրել տրամադրելու ուղիղ եթեր, որպիսի գործողությունը առերևույթ պարունակում է իրավախախտման հատկանիշներ և համապատասխան հիմքերի առկայության դեպքում կարող է առաջացնել ընդհուպ քրեական պատասխանատվություն: Շենքում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողը, գտնվելով ծառայողական պարտականությունների կատարման մեջ, ունեցել է բոլոր հիմքերը ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում», - նշված է հաղորդագրությունում: