Արմինֆո. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) ներկայացրել է 2018 թվականի առաջին եռամսյակին Հայաստանում խոսքի ազատությանն առնչվող իրավիճակի և ԶԼՄ-ների ու լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ հերթական զեկույցը:
ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, առաջին եռամսյակը խոսքի եւ տեղեկատվության ազատությունների, լրագրողական գործունեության սահմանափակումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների բուռն ժամանակաշրջան էր։ «Հունվար-մարտ ամիսներին նաև տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների քանակն ավելացավ, ինչն իշխանությունների փակ գործելաոճի անցնելու արդյունք էր։ Մյուս կողմից, սա համեմատաբար հանդարտ ժամանակահատված էր՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների բացակայության, ինչպես նաեւ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումների քանակի նվազման առումով՚, - ասվում է զեկույցում։ Ըստ փաստաթղթի, դա երեւում է 2017 եւ 2018 թթ. առաջին եռամսյակների տվյալների համեմատությամբ։ Այսպես, 2018 թվականի առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնության ոչ մի դեպք չի արձանագրվել, մինչդեռ 2017 թվականի նույն ժամանակահատվածում եղել է նման 3 դեպք: Նվազել է նաև ԶԼՄ-ների նկատմամբ ճնշման դեպքերի թիվը. 2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 12 նման միջադեպ, մինչդեռ 2017 թվականի նույն ժամանակահատվածում դրանք եղել են 32-ը: Սակայն կտրուկ ավելացել է ԶԼՄ-ների` տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը. Եթե 2017 թվականին արձանագրվել էր նման 5 դեպք, ապա 2018 թվականին դրանք արդեն 14-են:
«Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխությունների միջոցով լրատվամիջոցներին կաշկանդելու, նրանց ազատությունն անհիմն սահմանափակելու նախաձեռնություններին, ապա սրա վառ օրինակը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունումն էր։ Ըստ այդմ՝ եթե մինչ այժմ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի նիստերը դռնբաց էին, եւ այստեղ հավատարմագրված լրագրողները դրանց հետևում էին շենքում հատկացված հատուկ սենյակից՝ ուղիղ հեռարձակմամբ, իսկ նիստից հետո հնարավորություն էին ունենում հարցեր ուղղել նախարարներին, ապա այսուհետ ԶԼՄ-ների ներկայացուցիչները զրկվում են այդ հնարավորությունից, քանի որ կառավարության նիստերն անցնելու են դռնփակ՚, - ասվում է փաստաթղթում։ Նաև նշվում է, որ գործադիր իշխանության որդեգրած փակ աշխատաոճը վարակիչ ազդեցություն ունեցավ մյուս կառույցների համար։ Այդ առնչությամբ հիշատակվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից փետրվարի 19-ին բարձրացված քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքի «կանոնակարգման» (իրականում՝ սահմանափակման) հարցը։ Քաղաքապետարանի աշխատակազմի առաջարկած «կանոնակարգումները» լրագրողական հանրության համար անսպասելիորեն օրենքի ուժ ստացան, և այսուհետ ավագանու նիստերին լրագրողները կարող են հետեւել միայն իրենց համար նախատեսված հատուկ սենյակից՝ ուղիղ հեռարձակմամբ, իսկ առանձին դեպքերում դահլիճ մուտք գործելու թույլտվություն կարող է տալ քաղաքապետը կամ նիստը վարողը։ ԽԱՊԿ խնդրահարույց է համարել նաև մարտի 23-ի ԱԺ արտահերթ նիստին ընդունած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: