Արմինֆո. Կիևը պաշտոնապես կդադարեցնի մասնակցությունն Անկախ պետությունների համագործակցության կառույցներին: Ինչպես նշել է նախագահ Պյոտր Պորոշենկոն ապրիլի 12-ին Կիևում անվտանգության համաժողովի ժամանակ, Ուկրաինան երբեք չի եղել ԱՊՀ անդամ, և, նկատի ունենալով, որ այդ կառույցը հրաժարվել է դատապարտել Ռուսաստանի ագրեսիան, խնդրել է կառավարությանը պաշտոնական առաջարկություն նախապատրաստել ԱՊՀ կանոնադիր մարմիններին Ուկրաինայի մասնակցությունը պաշտոնապես դադարեցնելու, ինչպես նաև Մինսկի համապատասխան ինստիտուտներում Ուկրաինայի ներկայացուցչությունը վերջնականապես փակելու վերաբերյալ:
Պորոշենկոն նաև կոչ է արել անցկացնել ԱՊՀ շրջանակում Ուկրաինայի կնքած իրավապայմանագրային ողջ հիմքի գույքագրում` պետության ազգային շահերին համապատասխանության առնչությամբ: «Մեր օտարերկրյա գործընկերներին կոչ եմ անում վերանայել ՌԴ հետ պայմանագրային պարտավորությունները` համագործակցության զգացմունքային ոլորտների առնչությամբ՚, - ասել է նա:
ԱՊՀ-ն հիմնադրել են ՌՍԴԽՀ, Բելառուսի և Ուկրաինայի ղեկավարները` 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման շուրջ համաձայնագրի ստորագրմամբ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին խորհրդային նախկին 11 հանրապետությունները` Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան ստորագրեցին Ալմա Աթայի հռչակագիրը, որում շարադրված են ԱՊՀ նպատակներն ու սկզբունքները: Ստորագրվեց նաև ԱՊՀ ստեղծման շուրջ համաձայնագրին կից արձանագրություն: 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան և Տաջիկստանը ստորագրել են ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ պայմանագիր, որը փոխարինեց ԱՊՀ տարածքում ազատ առևտրի ռեժիմը կանոնակարգող 100-ից ավելի երկկողմ պայմանագրերը: 2014 թվականին Ոկրաինան հայտարարել է ԱՊՀ շարքերը լքելու մտադրության մասին: