Արմինֆո. Հայաստանի հետագա ճակատագիրը կորոշեն աշխարհի հզորները, ապրիլի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի առաջին նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքով, այսօր գոյություն ունի մարդկային գոյության գլոբալ խնդիր: Միաժամանակ Մանուչարյանը համոզված է, որ այսօր իրականացվում է հայերի և Հայաստանի՝ որպես պետութուն, ոչնչացման քաղաքականություն Սերժ Սարգսյանի և «երկրի նվիրյալ որդիների» կողմից: Ավելին, փորձագետի խոսքով, այսօր Ադրբեջանը պատրաստվում է կազմակերպել հայերի ցեղասպանություն, ինչպես 1915 թ. Թուրքիայում: «Եվ այդ ծրագիրն այսօր հաջող իրականացվում է, այդ թվում՝ Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականության շնորհիվ: Մեզ ոչնչացման տանող քայլերից մեկն աղավաղված արժեհամակարգի սերմանումն է: Այն, ինչ այսօր քարոզվում է հեռուստացույցի, երաժշտության և գրքերի միջոցով, հակասում է հայկական իրական արժեհամակարգին»,- ասել է Մանուչարյանը:
Խոսելով Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի փոխգործակցության մասին՝ Մանուչարյանը նշել է, որ այդ համագործակցությունը հարկադրված է: Նրա խոսքով, այդ փոխգործակցությունը թույլ է տալիս այսօր խուսափել տարածաշրջանում քաոսից: Փորձագետը գտնում է նաև, որ ռուսական ՀՕՊ-ը կարող էր խանգարել Իսրայելին հրթիռային հարվածներ հասցնել Սիրիային, ինչն ավելի ճիշտ կլիներ և չէր հանգեցնի այսօրվա իրավիճակին: «Իսրայելը սպառնացել է ոչնչացնել իրանական ներկայությունը Սիրիայում: Ի պատասխան դրան՝ Իրանը հայտարարել է այն մասին, որ նման ագրեսիայի դեպքում ԻԻՀ-ն կոչնչացնի Իսրայելի ներկայությունը տարածաշրջանում: Ինչպես գիտենք, Իսրայելը լուրջ դիրքեր ունի հարևան Ադրբեջանում, եզրակացությունները թելադրվում են ինքնաբերաբար»,- եզրափակել է Մանուչարյանը: