Արմինֆո.Ազգային ժողովն ապրիլի 11-ի հերթական նիստում միաձայն, 95 կողմ ձայնով ընդունել է Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը:
Նախօրեին ներկայացնելով համաձայնագիրը` փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը հիշեցրել էր, որ փաստաթուղթն ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում: Այն կոչված է ապահովելու առողջ իրավանորմատիվային միջավայր, որը կբարելավի գործարար մթնոլորտը և ներդրումային հնարավորությունները Հայաստանի և ԵՄ ընկերությունների համար և խթան կստեղծի հայկական ընկերություննեիր համար ավելի շատ ապրանքներ և ծառայությունների վաճառելու ԵՄ-ում, իսկ եվրոպական ընկերությունների համար` Հայաստանում բացելու դուստր ընկերություններ: Համաձայնագրով Եվրամիությունը հաստատում է Հայաստանում միջուկային անվտանգության մակարդակն առավելագույնս բարձրացնելու իր մտադրությունը` որոշակի երկկողմ միջոցառումների միջոցով: Քաղաքացիներն իրավունք ունեն համաձայնագրից ակնկալել, որ թե Հայաստանը, թե ԵՄ-ն մեծ ուշադրություն կհատկացնեն ժողովրդավարության կարևորագույն սկզբունքների պահպանմանը, ներառյալ` ազատ և արդար ընկրությունները, արդար դատավարության իրավունքը և հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ` ավելի լայն ընկալմամբ: Համաձայնագիրը գործարկում է քաղաքացիական հասարակության անկախ հարթակ, որը բաղկացած է Հայաստանի և ԵՄ կազմակերպություններից: Այն կհետևի համաձայնագրի կատարմանն ու կարող է հանձնարարականներ տալ Հայաստանի և ԵՄ ղեկավարությանը: Այդ նպատակով նախատեսվում է գործընկերության կոմիտեի ստեղծում, որը կհամակարգի համաձայնագրի դրույթների կատարմանը նպատակաուղղված աշխատանքը: -