Արմինֆո.ժամանակակից Հայաստանի համար արդիական է լսելու և ըմբռնելու, միմյանց հարգելու, զրուցակցի կարծիքին ըմբռնումով մոտենալու կարողությունը, ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հարցազրույցում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Խոսելով կառավարման խորհրդարանական ձևին անցում կատարելու մասին՝ Սարգսյանը նշել է. «Հայաստանի քաղաքական նոր համակարգը ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական ձևին, որը սկզբունքորեն մեզ մոտ գործում էր նաև մինչև 1991թ. առաջին նախագահական ընտրությունները: Սակայն հիմա մեզանում միանգամայն նոր իրավիճակ է, և հանրապետության նախագահին, որին ընտրում է խորհրդարանը, հատուկ տեղ է վերապահված: Ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում հիմնական պարտականություններից բացի, որ ամրագրված են Սահմանադրությամբ, մենք կենտրոնանում ենք Սփյուռքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանում նրանց ներկայության ընդլայնման, ներդրումների ներգրավման, քաղաքացիական հասարակության զարգացման, կրթության, գիտության, երիտասարդներին խրախուսելու վրա: Անհրաժեշտ է, որպեսզի հասարակության մեջ փոխըմբռնման ու համերաշխության ամրապնդման ուղղությամբ ողջ իշխանությունն աշխատի:
Այո, քաղաքական նոր համակարգի պայմաններում պետական իշխանությունը լիովին բաժանված է խորհրդարանի, կառավարության ու նախագահի ինստիտուտի միջև: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լուծել այն սուր խնդիրները, որոնք ծառացած են մեր հասարակության առջև, քանզի միայն համախմբված, համերաշխ հասարակությունն է կարող արդյունավետ արձագանքել ժամանակի մարտահրավերներին:
Մինչ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցում համաձայնություն տալը ես բազմաթիվ արդյունավետ քննարկումներ ունեցա քաղաքական ուժերի, Սփյուռքի, հասարակության ու մտավորականության ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների ընթացքում ես հերթական անգամ համոզվեցի, թե ժամանակակից Հայաստանի համար որքան արդիական է, որքան կարևոր է լսելու և ըմբռնելու, միմյանց հարգելու, զրուցակցի կարծիքին ըմբռնումով մոտենալու կարողությունը»,- նշել է Սարգսյանը:
Խոսելով հայ հասարակության առաջնահերթությունների մասին՝ ՀՀ նախագահը
նշել է երիտասարդության տրամադրվածությունը: «Ասելով երիտասարդություն՝ ես նկատի ունեմ ոչ այնքան տարիքը, որքան ներքին հոգեվիճակը, ըստ որում՝ նկատի ունենալով նաև ինձ (ժպտում է). որքանով են երիտասարդ քաղաքացիները մոտիվացված, տրամադրված՝ մասնակցելու երկրի առաջընթացին, որքանով են պահանջված: Չէ՞ որ արտագաղթը, առաջին հերթին երիտասարդության արտագաղթը կանգնեցնել մենք կարող ենք միայն երիտասարդների ինքնաիրացման, ինքնահաստատման համար, պետականաշինությանը, հասարակական կյանքին մասնակցության համար լիարժեք պայմաններ ստեղծելով, հնարավորություններ ստեղծելով գիտության, կրթության, բիզնեսի, սպորտի և բոլոր այն բնագավառներում, որոնցում նրանք ընդունակ են ու ցանկանում են իրենց ներդրումն ունենալ:
Ուրախալի է, որ Հայաստանում կան երիտասարդությանը նորարար ոլորտներում, տեղեկատվական տեխնոլոգիաներում, կրթական նորարար ձևաչափերում ընդգրկելու մի շարք շատ հաջողված օրինակներ: Դրանցից են ստեղծարար տեխնոլոգիաների «ԹՈՒՄՈե կենտրոնը, «Սինոփսիս Հայաստանե ընկերությունը, նոր, ժամանակակից դպրոցներն ու համալսարանները: Վստահ եմ, որ այդ միտումը պետք է հետևողականորեն զարգացնել:
Ի դեպ, մենք ցանկանում ենք Հայաստանում գրավիչ դարձնել նույնիսկ զինծառայությունը: Հանրապետության պաշտպանության նախարարությունն աշխատում է մի շարք ստեղծարար ծրագրերի վրա, որոնք խրախուսում են համալսարանական կրթությամբ ու շոշափելի սոցիալական երաշխիքներով զուգորդված զինվորական ծառայությունը»,- ասել է Սարգսյանը: