Արմինֆո. Ռուսասատանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, առանցքային դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հարցազրույցում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով, վերջնարդյունքում տարածաշրջանային բոլոր հակամարտությունները լուծվելու են, դրանք միանգամայն հաղթահարելի են. պատմությունն ավելի դաժան ու դրամատիկ հակամարտություններ է տեսել:
«Արդեն 25 տարուց ավելի հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի առաջարկած կարգավորման սկզբունքների ու տարրերի հիման վրա: Ռուսասատանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, առանցքային դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Հիշեցնեմ, որ 23 տարի առաջ Ղարաբաղում եռակողմ հրադադարը հաստատվեց հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ: Մենք բարձր ենք գնահատում հիմնախնդրի խաղաղ քաղաքական կարգավորման ուղղությամբ այդ միջնորդական ջանքերը: Ակնհայտ է, որ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության ու համաձայնության հասնելու կամք: Խաղաղության հասնելու համար Հայաստանն իր կողմից անում է հնարավոր ամեն ինչ և ակնկալում է, որ ադրբեջանական կողմը նույն վերաբերմունքը կցուցաբերի»,- ասել է Սարգսյանը: