Արմինֆո. ՀՀ վարչապետի ժ.պ. Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրը կայացած հանդիպման մանրամասները:
«Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել եմ մեր թիմի կատարած աշխատանքի մասին, քննարկել ենք՝ որտեղ ենք գտնվում, մեր պատկերացմամբ ինչ ապագա ունենք և ինչպես պետք է դրան հասնել: Համոզված եմ, որ մենք իրականում ունենք շատ լավ հնարավորություններ մոտակա տարիներին հաջողություններ արձանագրելու համար: Մեր կանխատեսումներով՝ մենք ունենալու ենք տնտեսական աճ, և քաղաքական երկխոսության պարագայում կարող ենք ֆունդամենտալ, երկար հորիզոնով բարեփոխումներ անել և նաև հստակ պատկերացնում ենք, թե դրանք ինչպես պետք է անենք»»,-պարզաբանել է Կարապետյանը, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Կարապետյանը նշել է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել է կառավարության ղեկավարի թեկնածությունը, ինչպես նաև կառավարման նոր ձևի հետ կապված հարցեր:
«Այո, անդրադարձել ենք նաև վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, խոսել ենք Սահմանադրության, կառավարման նոր համակարգի մասին: Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է: Ինչպես նաև հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որովհետև, կրկնում եմ, չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»,-եզրափակել է Կարեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ ապրիլի 7-ին կայացած հանդիպման ընթացքում Կառավարության ղեկավարի պաշտոնում վերջին անգամ զեկուցել է կառավարության գործունեության արդյունքների մասին, ընդգծելով, որ կառավարական առջև դրված բոլոր մակրոխնդիրները լուծված են:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում կայացավ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը: Այսպիսով, Հայաստանում 2015-ին մեկնարկած սահմանադրական բարեփոխումներն ավարտվեցին և խորհրդարանն անցավ կառավարման խորհրդարանական ձևին: Բացման արարողությունից հետո Հայաստանի կառավարությունը հրաժարական տվեց, որն ընդունվեց Արմեն Սարգսյանի կողմից: