Արմինֆո. «Ժամանակին Արմեն Սարգսյանին առաջարկել եմ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում և հպարտանում եմ նրա գործունեությամբ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատճառաբանելով 4-րդ նախագահի երդմնակալության արարողությանն իր ներկայության պատճառները՝ այլ խոշոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների բացակայության լույսի ներքո:
Ըստ որում, նա հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելուց հետո երկիրը կարող է «աստիճանաբար փոխվել»: Այնուամենայնիվ, հակասելով ինքն իրեն՝ Հովհաննիսյանը նշել է, որ մեկ անձը, ով էլ որ լինի, չի կարող արմատական փոփոխություններ իրականացենել: «Բայց յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր լուման ներդնել մեր երկրի փոփոխման գործընթացում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Արմեն Սարգսյանն ունի պետության կառավարման, բիզնես վարելու փորձ, ինչպես նաև դիվանագիտական ստաժ: «Եթե նա կարողանա օգտագործել դա հօգուտ երկրի, մենք դուրս կգանք այն իրավիճակից, որում այժմ գտնվում ենք»,- հայտարարել է Հովհաննիսյանը:
Մինչդեռ «Ժառանգություն» կուսակցությունն այս օրերին ակտիվորեն մասնակցում է բողոքի ընդդիմադիր ակցիաներին՝ ուղղված Սերժ Սարգսյանի և նրա աջակիցների դեմ:
Այսօր տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Ընդհանուր առմամբ, նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցել է 1300 մարդ` դիվանագետներ, օտարերկրյա հյուրեր: Սակայն օտարերկրյա ղեկավարներ և պաշտոնական պատվիրակություններ արարողության ներկա չեն եղել: Արարողությանը չեն մասնակցել նաև «Ելք» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյան, Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Փոխարենը` արարողությանը մասնակցել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: