Արմինֆո. Եթե Ռուսաստանը ցանկանա, ապա կարող է խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, համոզված է ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ վերլուծական խորհրդի փորձագետ Արիել Քոհենը:
«1994 թվականից հետևելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին պետք է խոստովանեմ, որ արդեն կորցրել եմ լավատեսությունս: Ես չեմ հավատում, որ հայկական կողմը պատրաստ է լուրջ քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մեծ հույս ունեմ, որ սխալվում եմ: Ադրբեջանը տարեցտարի հզորանում է, մեծացնում իր բանակի հզորությունը, ձեռք է բերում ժամանակակից զենք, բանակում զորավարժություններ է անցկացնում: Մենք դրան ականատես եղանք ապրիլյան մարտերի ժամանակ: Ուստի կարծում եմ, որ վաղ թե ուշ տեղի կունենան արյունալի բախումներ, և դա մեծ ափսոսանք է հարուցում: Այդ բախումներից հետո կողմերը կորոշեն, որ հակամարտությունը հարկավոր է կարգավորել, գլխավորը` կարգավորել ՄԱԿ ԱԽ բանաձևերին համապաատսխան՚, - հայտարարել է Քոհենը ԱՊԱ-ի հետ հարցազրույցում:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների դերի մասին` փորձագետը համոզմոնք է հայտնել, որ կողմերը կհասկանան հակամարտությունը ՄԱԿ ԱԽ որոշումների հիման վրա շուտափույթ կարգավորելու կարևորությունը: «Այստեղ գլխավոր և կարևոր դեր ունի Ռուսաստանը: Երևում է, որ ԱՄՆ փոքր-ինչ հեռացել է այդ գործընթացից: Եվրոպան աշխարհաքաղաքականության տեսանկյունից ճգնաժամում է, նա զբաղված է սեփական խնդիրներով: Մի խոսքով` Եվրոպան բավականաչափ հզոր չէ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար: Միակ ուժը, որը կարող է ինչ-որ բան անել տարածաշրջանում, Ռուսաստանն է: Եթե Ռուսաստանը ցանկանա կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, և եթե հայկական կողմը նույնպես պատրաստ լինի դրան, կարծում եմ, որ Ադրբեջանը կհամաձայնի հակամարտության խաղաղ կարգավորման այն պայմանների շրջանակում, որոնք առաջ է քաշում երկար տարիների ընթացքում՚, - ամփոփել է ամերիկացի փորձագետը: