Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն Ադրբեջանին խորհուրդ է տվել հետևել Ֆրանսիայի օրինակին` Արցախի հետ համագործակցության հարցում: «Ադրբեջանական քաղաքները պետք է հետևեն այս օրինակին: Այդպիսով նրանք ճանապարհ կհարթեն դեպի հարատև խաղաղություն:
Որքան սա շուտ հասկանա Ադրբեջանի նախագահը, այնքան ավելի լավ կլինի Ադրբեջանի ու այդ երկրի ժողովրդի համար», - «Թվիթերի՚ իր միկրոբլոգում գրել է Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով նախօրեին Արցախի Մարտունի և Ֆրանսիայի Բուր-դե-Պեաժ քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման առնչությամբ Բաքվի հիստերիային: Հիշեցնենք, որ հռչակագիրն ստորագրվել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության Ֆրանսիա կատարած այցի շրջանակում:
Ուշագրավ է, որ Արցախի խորհրդարանական պատվիրակության այցը Ֆրանսիա արդեն հարուցել է Բաքվի բացասական արձագանքը: Ադրբեջանում մտադիր են բողոքի նոտա հղել Ֆրանսիային` պահանջելով կասեցնել Արցախի հետ Ֆրանսիայի քաղաքների ամեն մի փոխգործակցություն: