Արմինֆո. Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հակված է չվստահելու երկրի գործող իշխանություններին: Այդպիսին են «Gallup International Association»-ի՝ ապրիլի 5-ին Երևանում ներկայացված հարցման արդյունքները:
Հայաստանում «Gallup International Association»-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը պատմել է, որ հարցումն անցկացվել է ընթացիկ տարվա մարտի 22-30-ը Հայաստանի ողջ տարածքում, հարցվողների քանակը՝ 1120:
Այն հարցին, թե որքանով են վտահում իշխանություններին, 4.7%-ն ասել է, որ լիովին վստահում է, 20.4%-ը՝ ավելի շուտ վստահում է, 23.4% -ը՝ ավելի շուտ չի վստահում , 47.5%-ը՝ ընդհանրապես չի վստահում, 3.9% -ը՝ դժվարացել է պատասխանել:
Միաժամանակ, Նավասարդյանի խոսքով, հատկանշական է, որ ընդդիմությունը ևս ունի շատ ցածր վստահության ցուցանիշ. վերջինիս վստահում է հարցվածների ընդամենը 4.9%ը, ավելի շուտ վստահում է 19.3%-ը, ավելի շուտ չի վստահում՝ 26.2%-ը, ընդհանրապես չի վստահում 43.7 %-ը և դժվարացել է պատասխանել 6%-ը:
Ըստ որում, 1-ից 5 բալանոց սանդղակով առավել ընդդիմադիր ընկալվել են հետևյալ քաղաքական գործիչները. Ժիրայր Սեֆիլյանը 4.5 բալ, այնուհետև հաջորդում են Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը՝ համապատասխանաբար 4.3 և 4.2 բալ, ամենաոչընդդիմադիր քաղաքացիները համարում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանին՝ համապատասխանաբար 2.4 և 2.6 բալ: