Արմինֆո. Շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներից ելնելով չի կարող իրականացվել ՎիզաՄետրիկ ընկերության կողմից։ Այդ մասին ասվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանության հայտարարության մեջ:
«ՎիզաՄետրիկ ընկերությունում արդեն իսկ ամրագրված պայմանավորվածությունները ուժի մեջ են համարվում։ Դեսպանությունը մոտ ժամանակներս կրկին պայմանավորվածությունների ամրագրման հնարավորություն կընձեռի սեփական առցանց հերթագրման համակարգում»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Արդարադատության նախարարությունն ուղեփակել է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը: Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սկսել էր ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրարպետությունում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը մարտի 28-ին մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ 2018 թվականի ապրիլի 3-ից Երևանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը ռուս-թուրքական կոնսորցիում է: Խոսելով «ՎիզաՄետրիկ» ընկերության մասին՝ դիվանագետը հայտնել էր, որ կոնսորցիումի գլխամասային գրասենյակը գտնվում է Թուրքիայում: Ըստ որում, Քիսլերն ընդգծել էր, որ ընկերությունն ընտրվել է խիստ մրցակցային հիմունքով՝ հաշվի առնելով օբյեկտիվ չափորոշիչները: Մրցույթն անցկացվել է ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանի, այլ ոչ թե՝ առանձին վերցրած Հայաստանի համար: Կենտրոնը գործունեություն է իրականացնում նաև Կենտրոնական Ասիայում: Դեսպանը շտապել էր հանգստացնել ՀՀ քաղաքացիներին. կենտրոնի գործունեության և դիմումներ ներկայացնելու ընթացքում խստորեն կպահպանվեն անվտանգության կանոններն ու ստանդարտները: Հայաստանյան գրասենյակը կգլխավորի ՀՀ քաղաքացի, աշխատակիցները նույնպես Հայաստանի քաղաքացիներ կլինեն: