Արմինֆո. Հայաստանը միացել է ՀԱՊԿ-ին Սոլսբերիում թունավորման գործի առնչությամբ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ հայտարարությանն աջակցելու հարցում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով, Հայաստանը չի մասնակցել քվեարկությանը, սակայն աջակցել է այդ հարցի առնչությամբ ՀԱՊԿ հայտարարությանը: «Մենք Գործադիր խորհրդի կազմի մեջ չենք մտնում և չենք մասնակցել քվեարկությանը, սակայն այնտեղ եղել է ՀԱՊԿ հայտարարությունը, որին մենք միացել ենք»,-պարզաբանել է Բալայանը:
Նշենք, որ նախօրեին Հաագայում Ռուսաստանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության Գործադիր խորհրդի նիստը: Հանդիպումը կայացել է փակ ռեժիմով: Նպատակը Սոլսբերիում թունավորման հետաքննության հետ կապված իրավիճակի պարզաբանումն էր: Ռուս մասնագետները հստակ հարցեր են բարձրացրել կազմակերպության առջև, մասնավորապես՝ ինչպես են վերցվել թունավորող նյութի փորձանմուշները և որ լաբորատորիաներում են դրանք ուսումնասիրվում:
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՔԶԱԿ-ին առնթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը, նիստին ներկայացվել է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ հայտարարության նախագիծը, որում ընդգծվում է «Սկրիպալի գործը» միջազգային իրավունքի շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը: «Տասնչորս անդամ երկիր պաշտպանել է ՔԶԱԿ-ում Սոլսբերիի միջադեպի հետ կապված համատեղ հայտարարությունը. մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է համոզվել, որ այդ խնդիրը լուծվում է միջազգային իրավունքի շրջանակներում»,- նշել է Շուլգինը: Ըստ որում, նա նշել է, որ համատեղ հայտարարությանն աջակցել են ՀԱՊԿ գծով դաշնակիցները, ԱՊՀ գծով գործընկերները, Իրանը, Չինաստանը և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ: Սակայն, նախաձեռնությանը չի հաջողվել ստանալ անհրաժեշտ ձայների երկու երրորդը: Շուլգինն ասել է, որ դեմ են հանդես եկել Բրիտանիան և ԱՄՆ-ը, ինչպես նաև ԵՄ երկրները և «Ասիայում որոշ ամերիկյան դաշնակիցներ»:
Նիդերլանդներում Ռուսաստանի դեսպանությունը հրապարակել է երկրների ցանկը, որոնք աջակցել են նախաձեռնությանը: Դրանց թվում են՝ Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Սիրիան, Իրանը, Վենեսուելան, Նիկարագուան և Կուբան:
Նշենք, որ Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերել են բրիտանական Սոլսբերի քաղաքում: Մեծ Բրիտանիայի իշխանությունները բազմիցս հավաստել են, որ տուժածները թունավորվել են իբր Ռուսաստանում արտադրված «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը «Սկրիպալի գործի» հետ կապված բոլոր մեղադրանքները հերքում է և հիշեցնում, որ դեռ 2017 թ. ամբողջովին ոչնչացրել է իր ողջ քիմիական զենքը: