Արմինֆո. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 14-օրյա քայլարշավ է սկսել Գյումրիից մինչև Երևան՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի:
«Քիչ առաջ մեկնարկեց Իմ Քայլը արշավը Գյումրու Վարդանանց հրապարակից։
14 օրերի ընթացքում մենք միասին շուրջ 200 կմ ճանապարհը կանցնենք միայն քայլելով, կկատարենք շուրջ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում և ապրիլի 13-ին ժամը 18։30 Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկի հանրահավաք»,- Faccebook-ի իր էջում գրել է Փաշինյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ից շուրջօրյա ակցիաներ է սկսում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության: Կհրապարակվի ՔՊ գործողությունների ճանապարհային քարտեզը:
Նշենք, որ ապրիլի 7-ին լրանում են Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, սակայն ինչպես իր հարցազրույցում հասկացրել է պետության ղեկավարը, նա, ամենայն հավանականությամբ, ապրիլի 17-ին կառաջադրվի վարչապետի պաշտոնում՝ չնայած այդ պաշտոնին չհավակնելու ավելի վաղ տված խոստմանը: